Վարդանյան. Վստահ եմ` մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են

Վարդանյան. Վստահ եմ` մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են

PanARMENIAN.Net - Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը փետրվարի 13-ին, իր ղեկավարությամբ պետմարմինների ղեկավար կազմի հետ աշխատանքային խորհրդակցության ժամանակ ասել է, որ սկսված աշխատանքները կշարունակվեն ավելի ակտիվ։

«Վստահ եմ, որ մեր առջև ծառացած բոլոր խնդիրները լուծելի են»,- ասել է պետնախարարը։

Ներկայացնելով ընթացիկ իրավիճակը՝ պետնախարարը նշել է, որ արդեն երկու ամսից ավելի Ադրբեջանի կողմից շարունակվում է Արցախի շրջափակումը՝ ծանր հետևանքներով թե՛ տնտեսության, թե՛ հասարակական կյանքի բոլոր մյուս ոլորտների համար:

«Չնայած մարտահրավերները խորքային են՝ հասարակությունն արժանապատվորեն է արձագանքում դրանց: Մենք անընդհատ շփվում ենք բնակչության տարբեր խմբերի հետ, Արցախում իսկապես շատ մեծ ուժ կա, որը դրսում տեսանելի չէ։ Այս ներքին ուժը մեզ անհրաժեշտ է դժվարությունները միասին հաղթահարելու համար։ Շատ գործ կա անելու։ Այն աշխատանքները, որոնք սկսել ենք, կշարունակվեն ավելի ակտիվ»,-ասել է Վարդանյանը։

Խորհրդակցության ընթացքում պետական մարմինների ղեկավարները ներկայացրել են իրենց ոլորտներում ընթացիկ իրավիճակը, քննարկվել են մի շարք հրատապ հարցեր:

Սոցիալական զարգացման և միգրացիայի նախարար Արմեն Մանգասարյանը տեղեկացրել է, որ փետրվարի 21-ից նախատեսվում է ընդլայնել կտրոնով տրամադրվող առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկը: Այս համատեքստում պետնախարարը հանձնարարել է ամփոփել մեկ ամսվա ընթացքում կտրոնային համակարգի ներդրման հետ կապված իրավիճակը՝ համապատասխան վերլուծություններ կատարելու և, անհրաժեշտության դեպքում, գործընթացում շտկումներ անելու համար:

Տեղեկություններ են ներկայացվել նաև շրջափակման տնտեսական և սոցիալական հետևանքների մեղմմանն ուղղված աջակցության միջոցառումների ընթացքի վերաբերյալ: Նշվել է, որ սոցիալական աջակցության ծրագրերը շուտով կմեկնարկեն, ինչ վերաբերում է տնտեսական աջակցության ծրագրին, ապա դիմումների ընդունման գործընթացն արդեն սկսվել է: Զուգահեռաբար աշխատանքներ են իրականացվում նաև շրջափակման հետևանքների մեղմմանն ուղղված հաջորդ փուլի միջոցառումների մշակման ուղղությամբ:

Անդրադարձել է եղել նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների նախապատրաստման հարցերին: Գյուղատնտեսության նախարար Հրանտ Սաֆարյանը տեղեկություններ է ներկայացրել սերմացուի և դիզվառելիքի ապահովման ուղղությամբ ձեռնարկվող աշխատանքների մասին:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև կրթության, առողջապահության, ենթակառուցվածքների և մի շարք այլ ոլորտներին վերաբերող հրատապ հարցեր:

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։

 Ուշագրավ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---