Ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականներն անվավեր են ճանաչվել

Ապօրինի ձեռք բերված վարորդական վկայականներն անվավեր են ճանաչվել

PanARMENIAN.Net - Գլխավոր դատախազությունը 2022-ի հոկտեմբերի 21-ին տեղեկացրել էր, որ Հակակոռուպցիոն դատարանը 28 անձի վերաբերյալ կայացրել է մեղադրական դատավճիռ՝ կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայականներն ապօրինի ձեռք բերելու համար: «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ հայտնում են ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

Վերոնշյալ անձինք մեղավոր են ճանաչվել մեղսագրվող արարքի կատարման մեջ և դատապարտվել են տարբեր չափերի տուգանքների:

Գլխավոր դատախազությունը, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքով նախատեսված կարգով, 2022 թվականի դեկտեմբերի 19-ին դիմել էր Ոստիկանություն (ներկայում՝ Ներքին գործերի նախարարություն)՝ քաղաքացիների կողմից ապօրինի ձեռք բերված վարորդական իրավունքի վկայականներն անվավեր ճանաչելու միջնորդությամբ:

Հիմք ընդունելով Հակակոռուպցիոն դատարանի դատավճիռը և Դատախազության միջնորդությունը՝ Ոստիկանությունը (ՆԳՆ) ուժը կորցրած է ճանաչել մեղադրյալների վարորդական վկայականները. դրանց վերաբերյալ համապատասխան նշում է կատարվել Ճանապարհային ոստիկանության էլեկտրոնային ռեգիստրում:

Ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում հարուցված և Հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական գործով քաղաքացիներին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նրանք օժանդակողի միջոցով Ճանապարհային ոստիկանության Երևանի հաշվառման-քննական բաժնի վարորդական իրավունքի վկայականների հատկացման բաժանմունքի տեսուչին տարբեր չափերի կաշառք են տվել (մոտ 3 մլն տասը հազար դրամ)՝ ապօրինի ձեռք բերելով վարորդական իրավունքի վկայականներ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---