Իրանը պատրաստ է իր մոտ 44–օրյայի մասնակիցների վերականգնողական փուլ անցկացնել

Իրանը պատրաստ է իր մոտ 44–օրյայի մասնակիցների վերականգնողական փուլ անցկացնել

PanARMENIAN.Net - Հայաստանում գտնվող Իրանի կոոպերացիայի, աշխատանքի և սոցիալական բարեկեցության նախարար Սեյեդ Սոուլաթ Մորթազավին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ հանդիպմանը պատրաստակամություն է հայտնել տրամադրել մասնագիտական աջակցություն և կիսվել լավագույն փորձով, միաժամանակ 2020 թ․ պատերազմի ընթացքում հաշմանդամություն ձեռք բերած անձանց վերականգնողական ծառայությունների մի փուլ էլ մատուցել Իրանում։

Մորթազավին հետաքրքվել է 2020 թ․ պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց թվի, մատուցվող ծառայությունների մասին։ Նախարար Մկրտչյանը ներկայացրել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում ԱՍՀՆ կողմից իրականացվող աշխատանքներն ու նախատեսվող բարեփոխումները՝ մանրամասնելով վերջիններիս մատուցվող ծառայությունները։ Այս համատեքստում նախարարները քննարկել են Սյունիքում անկախ կյանքի կենտրոն ստեղծելու հնարավորությունը։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել դիտարկել հաշմանդամություն ունեցող անձանց համար անկախ կյանքի կենտրոնների և փոքր խմբային տների ստեղծման, կենսաթոշակային ապահովության, աշխատանքի և զբաղվածության, սոցիալական ապահովության ոլորտներում փորձի փոխանակման հնարավորությունները։

Անդրադառնալով երկու երկրի միջև կրթական և մասնագիտական կողմնորոշման ծրագրերի շուրջ գործակցության զարգացման անհրաժեշտությանը՝ քննարկվել է նաև իրանական կողմի առաջարկը համատեղ տեխնիկական և արհեստագործական ուսումնարաններ ստեղծելու վերաբերյալ։ Իրանի 13,000 ուսումնարանում տարեկան ավելի քան մեկ միլիոն քաղաքացու տեխնիկական և մասնագիտական կրթություն է ապահովվում․ ըստ այդմ՝ դիտարկվել է Հայաստանում նմանօրինակ աշխատարան ստեղծելու հնարավորությունը։

Հանդիպման ավարտին նախարարները պայմանավորվել են քննարկված հարցերը հընթացս տեղափոխել գործնական փուլ։

Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ-ում Իրանի դեսպանը, երկու կողմերի նախարարի տեղակալները, Մեջլիսի պատգամավոր, նախարարության Միասնական սոցիալական ծառայության պետը, հատուկ խորհրդականներ և այլք։

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---