ՀՀ-ն քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը

ՀՀ-ն քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը

PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը։ Այդ մասին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի բյուրոյի փոխնախագահ, խորհրդարանի փոխխոսնակ Ջունա Բերնարդի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը։

«Մենք ուրախ ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից 30 տարի անց` ի նշանավորումն վերջին տարիներին երկկողմ համագործակցության աննախադեպ խորացման, Լյուքսեմբուրգը դեսպան է (ոչ ռեզիդենտ) հավատարմագրում Հայաստանում: Այս առումով կարծում ենք, որ հաջորդ տրամաբանական քայլը կլինի Հայաստանում Լյուքսեմբուրգի գլխավոր հյուպատոսության բացումը, որը կծածկի նաև Վրաստանը և Իրանը: Տեղեկացնեմ, որ Հայաստանի կառավարությունը քննարկում է Լյուքսեմբուրգում հյուպատոսություն բացելու հարցը»,- նշել է ԱԺ նախագահը:

Երկկողմ և բազմակողմ հարաբերությունների ամրապնդման հարցում երկուստեք ընդգծվել է բարեկամական խմբերի ակտիվությունը: ՀՀ ԱԺ նախագահը երախտագիտություն է հայտնել ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում, այնպես էլ դրանից հետո Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի կողմից ընդունված բանաձևերի համար:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի ժողովրդին առնչվող մարտահրավերները` մասնավորեցնելով Լաչինի միջանցքի ճգնաժամի հետևանքով ստեղծված իրավիճակին վերաբերող խնդիրները:

Այս համատեքստում հիշատակվել է ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի կողմից անցյալ շաբաթ կայացրած որոշումը, որն իրավական հիմք է ստեղծում միջազգային դերակատարների գործնական քայլերի համար` պարտադրելով Ադրբեջանին բացել կյանքի ճանապարհը:

Մտքեր են փոխանակվել ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերման առաջնահերթության շուրջ` կարևորելով ՀՀ տարածքում ԵՄ երկարաժամկետ դիտորդական առաքելության տեղակայումը: Հիշեցնենք, որ բարեկամ Լյուքսեմբուրգի ներկայացուցիչը ևս ընդգրկված է առաքելության կազմում:

Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ մեր երկիրը շարունակում է հավատարիմ մնալ խաղաղության հասնելու օրակարգին և այդ հարցում ակնկալում է միջազգային գործընկերների, այդ թվում` Լյուքսեմբուրգի աջակցությունը:

Փետրվարի 22-ին պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության ԱԳ նախարար Ժան Ասելբորնն ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսում ասել է, որ Լյուքսեմբուրգը և եվրոպական գործընկերներն ադրբեջանական իշխանություններին կոչ են արել ապահովել ազատ և անվտանգ տեղաշարժի հնարավորությունը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---