ԱԺ նախագահ․ Առաջարկներ կան, որոնց շուրջ ադրբեջանական կողմի հետ կոնսենսուս կա

ԱԺ նախագահ․ Առաջարկներ կան, որոնց շուրջ ադրբեջանական կողմի հետ կոնսենսուս կա

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է, որ առաջարկներ կան, որոնց շուրջ հայկական ու ադրբեջանական կողմերի միջև կոնսենսուս կա:

«Այո՛, կան, բայց ես չեմ կարող դրանք բարձրաձայնել, կարող եմ ասել, որ դրանք միջազգայնորեն ընդունված սկզբունքներն են», - նշել է նա, գրում է Aysor.am-ը։

ԱԺ նախագահը հավաստիացրել է, որ Հայաստանը վաղուց պատրաստ է խաղաղության պայմանագրի կնքմանը, բայց Ադրբեջանն անընդհատ նոր առաջարկներ է ներկայացնում։

«Բայց Ադրբեջանի կողմից անընդհատ ներկայացվող նոր առաջարկներն ու իրավիճակները, որ տեղի են ունենում սահմանին, իրենց կողմից խնդիր են դարձնում խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքումը, բայց, այնուամենայնիվ, մենք ամեն ինչ անելու ենք, որ հնարավորինս արագ կնքվի խաղաղության պայմանագիրը», - ասել է նա։

Նա նշել է, որ Հայաստանն իր շահերը առաջ տանելու ու լավ պայմաններ ստեղծելու ուղղությամբ պետք է մտածի:

Այն հարցին, թե, այնուամենայնիվ, կա՞ն կարմիր գծեր, որ չպետք է անցնել՝ ԱԺ նախագահն արձագանքել է. «Այդ գծերը նրանք են, որ մենք չենք կարող խաղաղության պայմանագրի մեջ ականներ դնել ՀՀ պետականության, ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության նկատմամբ, դրանք կարմիր գծեր են»:

Նա նաև ասել է՝ թող չլինի այնպիսի տպավորություն, որ Հայաստանը խաղաղության պայմանագրով հետ է կանգնում Արցախի շահերի պաշտպանությունից, Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությունից:

«Մենք պետք է հասկանանք՝ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որն ունենք, ինչ-որ մասով մեզ բավարարո՞ւմ է ու արդյոք նոր դրույթ դնելով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի մեջ՝ չեղյալ չենք հայտարարի նոյեմբերի 9-ում տեղ գտած մեզ համար, Արցախ ժողովրդի համար կարևորագույն արձանագրումները, որոնց տակ կա Ադրբեջանի նախագահի ստորագրությունը», - ընդգծել է Ալեն Սիմոնյանը:

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, թե Հայաստանի հետ բանակցություններում անցել են «առցանց դիվանագիտության»։ Մենք միմյանց ենք փոխանցում մեր առաջարկները»,-ասել է Բայրամովը: Նա ասել է նաև, որ եթե Լաչինի միջանցքում ադրբեջանական անացակետեր բացվեն, բոլորը կտեսնեն, որ «Լաչինի միջանցքով երթևեկությունն իրականացվում է ըստ եռակոմ հայտարարության»

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարի հետ համատեղ ասուլիսում հայտարարել է, որ Լաչինի միջանցքի կարգավորումները բանակցված և ստորագրված են, վերաբանակցումը, ընդ որում՝ կրկին ուժի գործադրման արդյունքում և նոր ուժի գործադրման սպառնալիքով, հայկական կողմի համար չի կարող ընդունելի լուծում լինել:

 Ուշագրավ
---