ՀՀ ԱԳՆ․ Վերջին սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ

ՀՀ ԱԳՆ․ Վերջին սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Տեղ գյուղի մոտ ադրբեջանցիների հարձակման վերաբերյալ՝ նշելով, որ տեղի ունեցած սադրանքն Ադրբեջանի հերթական ոտնձգությունն է ՀՀ տարածքային ամբողջականության նկատմամբ:

Նշվում է, որ Ադրբեջանի այս քաղաքականությունը նոր չէ, այն շարունակությունն է 2021թ. մայիսին և նոյեմբերին, ինչպես նաև 2022թ. սեպտեմբերին ՀՀ նկատմամբ իրականացրած հարձակումների, որոնց հետևանքով Ադրբեջանն օկուպացրել էր ՀՀ ինքնիշխան տարածքներ:

«Փաստենք, որ ուժի կիրառումը և ուժի կիրառման սպառնալիքն Ադրբեջանի քաղաքականության անբաժանելի մասն են և նպատակ ունեն էականորեն ապակայունացնել իրավիճակը տարածաշրջանում և խաթարել միջնորդ գործընկերների՝ խաղաղ բանակցությունները շարունակելուն ուղղված ջանքերը:

Կոչ ենք անում միջազգային հանրությանը և տարածաշրջանում խաղաղությամբ ու կայունությամբ հետաքրքրված բոլոր գործընկերներին հասցեական հայտարարությունների և հստակ քայլերի միջոցով դատապարտել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները և կանխել վերջինիս կողմից իրավիճակի հետագա էսկալացիան»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ ապրիլի 11-ին, ժամը 16։00-ի սահմաններում ՀՀ տարածքում՝ Սյունիքի մարզի Տեղ գյուղի հատվածում, ադրբեջանական զինված ուժերի մի խումբ զինծառայողներ սահմանի տեղակայման կետերի ճշգրտման պատրվակով մոտեցել են ՀՀ զինված ուժերի զինծառայողներին, սադրել և հրազենային զենքերից, այնուհետև տարբեր տրամաչափի այլ զինատեսակներից կրակ վարել հայկական ԶՈւ զինծառայողների և դիրքերի ուղղությամբ: ՀՀ ԶՈւ զինծառայողները պատասխան գործողություններ են ձեռնարկել և պաշտպանել ՀՀ ինքնիշխան տարածքը: Կան զոհեր և վիրավորներ:

«Ադրբեջանական կողմի այս ագրեսիվ գործողություններն իրականացվել են ի հեճուկս հայկական կողմի՝ տեղում առկա խնդիրները կառուցողական բանակցություններով լուծելու նախորդիվ հայտնած պատրաստակամությանը»,-ասվում է ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
---