Արցախի պետական տեսչությունների կառավարման կոմիտեն հայտարարել է, որ շրջանառվող տեղեկությունները հումանիտար ճանապարհով Արցախ բերված մրգերի ոչ անվտանգ լինելու մասին կեղծ են:
«Տվյալ ապրանքները փաթեթավորված են հերմետիկ փակ արկղերում, հակառակ պարագայում մեկ օրվա մեջ ամբողջ խմբաքանակը կարող է փչանալ: Յուրաքանչյուր ապրանք տեղում ստուգվում է և նոր թույլատրվում վաճառքի։ Ուստի կարող եք հանգիստ կերպով կատարել գնումներ կտրոններով»,-ասվում է հաղորդագրության մեջ։
Կոմիտեն կեղծ լուրերի տարածման մասով դիմել է ոստիկանությանը՝ պարզելու տարածողներին ու նրանց շարժառիթները։
ՄԱԿ-ի Արդարադատության (Հաագայի) միջազգային դատարանը պահանջել է Ադրբեջանից ապահովել անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ մասամբ բավարարելով Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը։ Դատարանը միաձայն մերժել է Ադրբեջանի դիմումն ընդդեմ Հայաստանի։ Բաքուն միջազգային ատյանից պահանջել էր Հայաստանին պարտավորեցնել «վերջ տալ ականապատումներին ու Լաչինի միջանցքով ականներ փոխադրելուն»:
Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը ԼՂ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ին, որից հետո գազը պարբերաբար անջատվում է, միացվում մասնակի, կրկին անջատվում։ Հունվարի 10-ից Արցախում հովհարային անջատումներ են` հնարավոր չէ վերացնել վթարը Գորիս-Ստեփանակերտ միակ բարձրավոլտ գծի 33-րդ կմ-ում։ Առաջին անհրաժեշտության սննդամթերքը վաճառվում է կտրոններով։