Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա․ Մուտքն արտոնել են

Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա․ Մուտքն արտոնել են

PanARMENIAN.Net - ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Թուրքիա՝ մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի հիմնադրման 30-ամյակին նվիրված գագաթնաժողովին, որին մասնակցելու են անդամ պետությունների խորհրդարանների ղեկավարները, նաև Գլխավոր վեհաժողովի լիագումար նիստ է կայանալու:

ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը չի մեկնաբանել, թե արդյոք կառավարական ինքնաթիռով են մեկնելու, հայտնում է Aysor.am-ը։

«ԱԺ նախագահն այնտեղ ելույթ է ունենալու՝ անդրադառնալով այս պահին ՀՀ-ում իրավիճակին: Նախատեսված է նաև հանդիպում Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփի հետ»,-ասել է Խաչատրյանը։

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն, որը հայտարարել է, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, ասել է, որ Հայաստանի Ազգային ժողովի նախագահին թույլ է տրվել օգտվել Թուրքիայի օդային տարածքից, որովհետև Ալեն Սիմոնյանը մասնակցելու է Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի նիստին, և սա միջազգային իրադարձություն է, գրում է «Ազատությունը»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Թուրքիան փակել է իր օդային տարածքը հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար, որոնք թռչում են երրորդ երկրներ։ Այդ մասին հայտարարել է այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ որպես պատճառ նշելով Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցների հիշատակը հավերժացնող հուշարձանի տեղադրումը:

Աղբյուր-հուշակոթողը տեղադրվել է ապրիլի 25-ին Երևանի ավագանու որոշմամբ։ Բացմանը մասնակցել և ելույթ է ունեցել Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։

 Ուշագրավ
---