Պուտինը` ապաշրջափակման մասին․ Բաքուն հաստատել է՝ առանց բացառության ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ

Պուտինը` ապաշրջափակման մասին․ Բաքուն հաստատել է՝ առանց բացառության ճանաչում է ՀՀ ինքնիշխանությունն այդ տարածքի նկատմամբ

PanARMENIAN.Net - Կրեմլում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որի ընթացքում վերջինս շնորհակալություն է հայտնել Փաշինյանին՝ միջոցառմանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ներկայությանը համաձայնություն տալու համար։

Պուտինն ասել է, որ տրանսպորտային երթուղիների, կոմունիկացիաների՝ և՛ երկաթուղիների, և՛ ավտոճանապարհների հնարավոր կառուցման մասով, ապաշրջափակման վերաբերյալ ՌԴ դիրքորոշումն անփոփոխ է։

«Եվ նոր, ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք ասել ենք այս մասին։ Բայց պետք է ասել, որ ադրբեջանական կողմը նույնպես հաստատում է, որ Ադրբեջանն այս հարցում որևէ փոփոխություն չունի, նրանք առանց որևէ բացառման ճանաչում են Հայաստանի ամբողջական ինքնիշխանությունն այս տարածքի նկատմամբ, և այս ամենի ինչ-որ կրկնակի, եռակի մեկնաբանությունները, կապված տրանսպորտային հաղորդակցության հնարավոր ապաշրջափակման հետ, ոչ մի հիմք չունեն:

Այդուհանդերձ, հարցեր կան, Դուք հենց նոր նշեցիք դրանք, կարծում եմ, կապված են տերմինաբանության հետ։ Կարծում եմ՝ կարող ենք այս մասին ավելի մանրամասն խոսել»,-ասել է Պուտինը:

Փաշինյանն իր հերթին ասել է, որ ՀՀ-ն պատրաստ է՝ և՛ սահմանային ծառայությունները, և՛ մաքսային ծառայությունները պատրաստ են ապահովելու բոլոր տրանսպորտային միջոցների, երկաթուղիների, մասնավորապես՝ Հայաստանի տարածքով բնականոն անցումը։

«Մենք ակնկալում ենք, որ ադրբեջանական երկաթուղին բաց կլինի նաև ՀՀ բեռների, երկաթուղային գնացքների՝ Նախիջևանով, Ադրբեջանի Հանրապետությունով, օրինակ՝ Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետություն տեղափոխելու համար։ Մենք ակնկալում ենք, որ այս հարցը կլուծվի պարիտետային հիմունքներով, ինչպես ասացի, երկրների ինքնիշխանության և իրավազորության հիման վրա»,-ասել է Փաշինյանը:

Պատասխանելով Փաշինյանի դիտարկմանը Լաչինի միջանցքում և ԼՂ-ում ճգնաժամի մասին՝ Պուտինն ասել է, որ ՌԴ-ն երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցում։

«Դուք գիտեք մեր դիրքորոշումը մեր եռակողմ հայտարարության վերաբերյալ, Լաչինի միջանցքի վերաբերյալ։ Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումն այս հարցում։ Եվ Դուք գիտեք, որ թե՛ մեր հայ ընկերների, թե՛ Ադրբեջանի հետ քննարկումներում մենք միշտ հավատարիմ ենք եղել և հիմա էլ հավատարիմ ենք հենց այս դիրքորոշմանը։ Ամեն ինչ պետք է լինի մեր այս եռակողմ հայտարարության ոգուն ու տառին համապատասխան։ Մեր դիրքորոշումն այստեղ չի փոխվել»,-ասել է Պուտինը Փաշինյանի հետ երկկողմ հանդիպման ժամանակ։

Մայիսի 25-ին Մոսկվայում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Քննարկվել են տարածաշրջանային տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել աշխատանքները շարունակել մեկ շաբաթից՝ երեք երկրի փոխվարչապետերի հանդիպման շրջանակում:

Ընթերցեք նաև․ Փաշինյան-Ալիև «լեզվակռիվ» ԵԱՏՄ նիստում՝ «Զանգեզուրի միջանցք» արտահայտության շուրջ

 Ուշագրավ
---