Ադրբեջանի ԱԳ նախարար․ Երկկողմ հանդիպումներում քննարկվել է ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցիների հարցը

Ադրբեջանի ԱԳ նախարար․ Երկկողմ հանդիպումներում քննարկվել է ՀՀ-ում կալանավորված ադրբեջանցիների հարցը

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ երկկողմ հանդիպումներում քննարկվել է «Հայաստանի կողմից գերեվարված 2 ադրբեջանցի զինծառայողի հարցը»։

«Հայաստանը նրանց դեմ քրեական գործ է հարուցել։ Մեկի վերաբերյալ դատավճիռ կա՝ 11․5 տարի ազատազրկում։ Հայկական կողմի հետ երկկողմ հանդիպումներում, ինչպես նաև միջազգային միջնորդների, այլ պետությունների ներկայացուցիչների հետ հանդիպումներում, մենք ուշադրություն ենք հրավիրում այդ հարցին։ Մենք օրակարգ ենք բերել այն, որ այդ դեպքը դիտարկվում է որպես նախորդ պայմանավորվածությունների լիակատար խախտում և կարևոր է ազդել Հայաստանի վրա այդ հարցում»,- ասել է Բայրամովը, գրում է Haqqin.az-ը։

Ըստ նրա, «վերջին շրջանում երկու երկրի միջև պայմանավորվածություն էր ձեռք բերվել այն զինծառայողների վերադարձման կարևորության մասին, որոնք ոչ միտումնավոր են հատել սահմանը։

«Եվ հենց այդ պայմանավորվածությամբ Ադրբեջանն ավելի քան 10 հայ զինծառայող և քաղաքացիական անձ է վերադարձրել»,- ասել է նա։

Մայիսի 14–ին Բրյուսելում Փաշինյան–Միշել–Ալիև եռակողմ հանդիպումից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ առաջիկա շաբաթներին ազատ կարձակվեն ևս մի քանի ձերբակալվածներ։ Նա ընդգծել է, որ խոսքն այն զինվորների մասին է, որոնք պարզապես մոլորվել և անցել են մյուս կողմը։

ՀՀ տարածքում հայտնված ադրբեջանցի երկու զինծառայողներին մեղադրանք է ներկայացվել, նրանք կալանավորվել են։

 Ուշագրավ
---