12 հունիսի 2023 - 12:35 AMT
Հայ մարմնամարզիկները 3 ոսկի և 1 արծաթ են նվաճել World Challenge Cup մրցաշարի հերթական փուլում

Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամները 3 ոսկե և 1 արծաթե մեդալ են նվաճել Խորվաթիայում անցկացված World Challenge Cup մրցաշարում:

Հաղթողի կոչումը նվաճել են Արթուր Դավթյանը, Արթուր Ավետիսյանն ու Գագիկ Խաչիկյանը: Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Արթուր Դավթյանը նաև մեկ արծաթե մեդալ է նվաճել:

Դավթյանը ոսկե մեդալին արժանացել է հենացատկի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 15․033 միավոր, իսկ արծաթե մեդալը նվաճել է նժույգթափերի վարժությունում՝ եզրափակչում հավաքելով 14.600 միավոր: Այս վարժությունում հաղթողի կոչումը նվաճել է Գագիկ Խաչիկյանը՝ 14.766 միավորով:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Արթուր Ավետիսյանն արծաթե մեդալ է նվաճել օղակների վարժությունում: Եզրափակչում Ավետիսյանը հավաքել է 14,666 միավոր:

Մարմնամարզիկները World Challenge Cup մրցաշարին մասնակցել են Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Հակոբ Սերոբյանն ընդգրկված է եղել մրցավարական խմբում:

Բուլղարիայի Վառնա քաղաքում մայիսին կայացած World Challenge Cup մրցաշարի առաջին փուլում Արթուր Դավթյանը ոսկե մեդալ էր նվաճել հենացատկում, իսկ օղակների և նժույգ թափերի վարժություններում արժանացել էր բրոնզե մեդալի: Արթուր Ավետիսյանը հաղթող էր ճանաչվել օղակների վարժությունում: