Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հեռախոսազանգերով տեղեկություններ կորզել արցախցիներից

Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են հեռախոսազանգերով տեղեկություններ կորզել արցախցիներից

PanARMENIAN.Net - Ադրբեջանի հատուկ ծառայությունները փորձում են տեղեկություններ կորզել արցախցիներից հեռախոսազանգերի միջոցով, հայտնում է ԱՀ ԱԱԾ-ն։

Նշվում է, որ վերջին ժամանակահատվածում Ադրբեջանի հատուկ ծառայություններն իրականացնում են հեռախոսազանգեր Արցախի Հանրապետության հեռախոսահամարների բաժանորդներին և ներկայանալով որպես «Գելլափ» և այլ հայտնի սոցիոլոգիական ուսումնասիրություններ իրականացնող ու հարցումներ կատարող կազմակերպության, կամ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակիցներ, հարցադրումներ են կատարում Արցախի արտաքին և ներքին քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական վիճակի, տիրող ընդհանուր իրավիճակի և տրամադրվածությունների վերաբերյալ՝ այդպիսով փորձելով կորզել իրենց անհրաժեշտ տեղեկությունները:

Արցախի Ազգային անվտանգությունը կոչ է անում նման հեռախոսազանգեր ստանալու դեպքում չպատասխանել տրվող հարցերին, քանզի նրանց կողմից հավաքագրվող տեղեկություններն օգտագործվում են ի վնաս Արցախի Հանրապետության:

«Կասկածելի բնույթի զանգեր ստանալու դեպքում անհապաղ դիմեք ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,-ասվում է հաղորդագրության մեջ։

 Ուշագրավ
---