Դատարանը վճռել է հօգուտ կառուցապատողի․ Ֆիրդուսում ապրող ընտանիքը կարող է վտարվել

Դատարանը վճռել է հօգուտ կառուցապատողի․ Ֆիրդուսում ապրող ընտանիքը կարող է վտարվել

PanARMENIAN.Net - Ֆիրդուսի թաղամասում՝ Հանրապետության նրբանցք 8ա հասցեի 1000 քմ տարածքի օտարման մասով դատարանը վճիռ է կայացրել հօգուտ կառուցապատողի։ Այդ մասին հայտնել է տարածքի սեփականատեր Իսրայել Սաֆարյանը, տեղեկացնում է Aravot․am-ը։

«Դատարանը «Սիթի սենթր դիվելոփմենթին» պարտավորեցրել է 620 միլիոն դրամ վճարել, ինչին մենք համաձայն չենք։ Մեր հասցեում ապրում է 12 ընտանիք։ Եթե այդ գումարը բաժանենք 12 ընտանիքի մեջ, յուրաքանչյուրին մոտ 51.6 միլիոն դրամ է հասնում։ Այդ գումարով մենք չենք կարողանա փոքր Կենտրոնում բնակարան գնել»,-ասել է Սաֆարյանը։

Եթե Սաֆարյանները չենթարկվեն դատարանի վճռին, ինքնակամ չազատեն իրենց տարածքը, ապա, ըստ դատական վճռի, ԴԱՀԿ-ն է գործի անցնելու, եւ նրանց վտարելու տարածքից։

Սաֆարյանն ասել է, որ արդարադատության նախարարությունից առայժմ արձագանք չկա իրենց դիմումի վերաբերյալ։ Բնակիչները նաև դիմել էին գլխավոր դատախազություն, որտեղից մերժել են գործ հարուցել, նշելով՝ իրենց տիրույթում չէ խնդիրը։

«ԴԱՀԿ-ի և գույքը գնահատող փորձագետի եզրակացության վերաբերյալ բողոքն արդեն ավարտման փուլում է, այն ներկայացնելու ենք արդարադատության նախարարություն։ Փորձագետն իր լիազորությունները գերազանցել է, նա թերություններով է գնահատել մեր գույքը, դատավորն էլ հիմք է ընդունել նրա տված եզրակացությունը»,-ասել է Սաֆարյանը։

Սաֆարյաններն այժմ նաև վերաքննիչ բողոք են պատրաստում, հետո, եթե կարիք լինի, նաև՝ վճռաբեկ։ Հայաստանյան ատյաններում արդարության չհասնելու դեպքում, դիմելու են ՄԻԵԴ։

«Մենք, կրկնում եմ, չենք համաձայնվելու կառուցապատողի առաջարկած պայմաններին։ Մինչև եվրոպական դատարան գնալու ենք։ Ասել ենք՝ թող ՄԻԵԴ-ում ապացուցեն՝ այդ տարածքը պետական գերակա շա՞հ է, թե՞ ոչ, որ փորձում են մեզ մեր տանից հանել»,-ասել է Սաֆարյանը։

Թե ինչպես է ստացվել, որ մի հասցեում 12 ընտանիք է բնակվում, Սաֆարյանն ասել է․ «Տատիկս է իր երեխաների, հետո թոռների հետ ապրել, հետո ընտանիքը մեծացել է։ Բայց բոլորս էլ մի ընտանիք ենք»։

Ֆիրդուսի թաղամասի մի խումբ բնակիչներ պարբերաբար բողոքի ցույցեր են անում, գտնում են, որ տարածքի օտարումը տեղի է ունեցել մի շարք խախտումներով։

3-րդ թաղամասը 2006 թվականից ճանաչվել է գերակա շահ, տարածքի կառուցապատող ընկերությունը «Սիթի սենթր դիվելոփմենթն» է, որ այս տարիների ընթացքում կառուցապատում չի իրականացրել, ընկերությունն արգելանքի տակ է, գործունեությունն էլ սահմանափակված է, ուստի տարածքում կառուցապատումն իրականացնում են «Սիթի սենթր դիվելոփմենթ»-ի սեփականատիրոջ ստեղծած տասից ավելի նոր ստեղծած ընկերությունները։ Բնակիչները պնդում են, իրենց տարածքում դեռ ոչինչ չկա կառուցված, սակայն բնակարանները հանվել են վաճառքի, գովազդվում են։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---