Բալասանյանին հիվանդանոց են տեղափոխել. Որդին և եղբայրը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել

Բալասանյանին հիվանդանոց են տեղափոխել. Որդին և եղբայրը հարցաքննվելուց հետո ազատ են արձակվել

PanARMENIAN.Net - Արցախի հերոս, գեներալ Վիտալի Բալասանյանի առողջական վիճակը վատթարացել է, նրան տեղափոխել են հիվանդանոց՝ հետազոտման։ Այդ մասին հայտնել է նրա փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ Քրեական օրենսգրքի 337-րդ հոդվածի 1-ին մասով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության սպառնալիքի կասկածանքով։ Վիտալի Բալասանյանից բացի իրավապահները ձերբակալել են նրա որդուն՝ Արթուր Բալասանյանին, եղբորը՝ Վաչիկ Բալասանյանին, որոնք հարցաքննվել և ազատ են արձակվել, իսկ Վիտալի Բալասանյանի ձերբակալության իրավաչափության հարցով բողոքը դատարանի կողմից մերժվել է։ Ձերբակալվել է նաև Բալասանյանի քեռորդին՝ Գարիկ Յուզբաշյանը։

Վիտալի Բալասանյանի պաշտպան Ռաֆայել Մարտիրոսյանը հայտնել է, որ դատարան ներկայացված բողոքով արձանագրել էին, որ ձերբակալման նպատակն, ըստ էության, պետք է լիներ «հանցագործության կատարումը և հանցագործություն կատարելուց հետո փախուստը կանխելը», արձանագրության մեջ, սակայն, նման նպատակ առկա չէր։ Դատարանը, մերժելով բողոքը, գտել է, որ «որոշման մեջ ակնհայտ է, թե որն է ձերբակալման նպատակը»։ Նա նշել է, որ դատական ակտը, ըստ փաստաբանի, հակասական է, չպատճառաբանված, տարօրինակ։

Ձերբակալումից հետո Վիտալի Բալասանյանը հարցաքննվել է, պատրաստակամություն հայտնել ցուցմունք տալու, մանրամասն նկարագրել հանգամանքները։ Այս պահին նրան մեղադրանք առաջադրված չէ։

Իսկ այն առումով, թե ինչու է վատթարացել առողջական վիճակը, արդյոք դա կարող է կապված լինել անհամաչափ ուժի կիրառման հետևանքով ստացված մարմնական վնասվածքների հետ՝ փաստաբանը հայտնել է, որ Վիտալի Բալասանյանը նախկինում սրտի հետ կապված բժշկական միջամտության է ենթարկվել, հավանաբար, այդ գործողությունները նպաստել են՝ առողջական վիճակի վատթարացմանը՝ սրտի հետ կապված։

«Այն, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են մարմնական վնասվածքներ, սա բացահայտ է։ Բերման ենթարկելու ընթացքում ֆիզիկական նման ուժի կիրառումը համարժեք չէր, առավել ևս, որ Բալասանյանը որևէ դիմադրություն ցույց չի տվել, իրեն չի բացատրվել, որ բերման են ենթարկում․․․Քննիչը որոշում է կայացրել Վիտալի Բալասանյանի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին»,-ասել է նա։

Ինչ վերաբերում է խուզարկությանը, հարցին՝ արդյո՞ք ինչ-որ իրեր առգրավվել են, ի վերջո, պարզվեց, թե ինչ էին փնտրում, փաստաբանը պատասխանեց՝ որևէ տեղեկություն չունեն խուզարկության ընթացքում ձեռք բերված գույքի մասին, թե ինչ են հայտնաբերել, ինչ՝ չեն հայտնաբերել, ինչ են ցանկացել հայտնաբերել՝ հայտնի չէ։

Հուլիսի 14-ին ԱԱԾ-ն իր իսկ տանից ձերբակալել է Վիտալի Բալասանյանին, նրա որդուն, եղբորը, քեռորդուն։ Քրեական գործը, որի շրջանակներում խուզարկություն էր իրականացվել, վերաբերում է Բալասանյանի որդու կողմից վարկն իբրև ոչ նպատակային օգտագործելու հետ։ Մասնավորապես, Արցախի դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74,500,000 դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Արթուր Բալասանյանի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

 Ուշագրավ
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
---