ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան, պատասխանելով հարցին, թե Արցախի իշխանություններին առաջարկելով Ադրբեջանի տարածքում հանդիպել ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ, ռուսական կողմն ինչ երաշխիքներ է տալիս, որ նրանց նույնպես չեն առևանգի ու ձերբակալի, ինչպես մի շարք հայերի, ասել է, որ որևէ երաշխիք չի կարող լինել, երբ ՀՀ-ն արմատապես փոխում է դիրքորոշումը կարևորագույն հարցի մասով։
«Պետք է զբաղվել ձեռք բերված պայմանավորվածությունների կատարմամբ։ Այդքան բան, դա էլ երաշխիքն է։ Շատ պարզ է»,–ասել է նա, հայտնում է «Փաստինֆոն»։
Նա նշել է, որ եթե ինչ-որ բանի վերաբերյալ համաձայնություն են ձեռք բերել, առավել ևս այդ համաձայնություն ամրագրել են բարձր մակարդակներում՝ ստորագրությամբ, ապա պետք է դա իրականացնել, ոչ թե փորձել նոր մեկնաբանություն անել, ներգրավել երրորդ, հինգերորդ ու տասներերդ կողմերին։
«Հայաստանի դիրքորոշումը արմատական՝ 180 աստիճան փոփոխության է ենթարկվել կարևորագույն հարցում։ Ընդ որում, այդ հարցը կարևորագույն նշանակություն ուներ հենց Երևանի համար։ Երաշխիքներ լինել չեն կարող, երբ այդ պայմանավորվածությունները թափանցիկ ձևով չեն իրականացվում»,- ասել է Զախարովան։
Անդրադառնալով նախօրեին ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանցու՝ Ակնա- Ստեփանակերտ ճանապարհին հայտնվելու փաստին՝ Զախարովան ասել է, որ դա ռուս խաղաղապահների պատասպանատվության հարցն է, և ինքն այդ պահին որևէ մեկնաբանություն չունի։
Զախարովան հստակ պատասխան տալ չի կարողացել նաև Ակնա-Ստեփանակերտ ճանապարհի գործարկման հարցում ռուսական կողմի ակտիվ համաձայնության վերաբերյալ հարցին։ Նա խոստացել է հարցը պարզաբանել՝ հավելյալ ճշտումներից հետո միայն։
Օգոստոսի 28-ին ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Լաչինի միջանցքում՝ Հակարիի անօրինական անցակետով անցնելիս, Արցախի 3 բնակիչ՝ Ալեն Սարգսյանը, Վահե Հովսեփյանը, Լևոն Գրիգորյանը, ձերբակալվել են ադրբեջանցիների կողմից։ Նրանք ուսանողներ են և մեկնում էին ՀՀ ուսումը շարունակելու նպատակով։ Ավելի ուշ հաղորդվեց, որ Ադրբեջանը նրանց մեղադրում է իր «դրոշն անարգելու մեջ» և 10 օլրվա վարչական կալանքի կենթարկի նրանց։ «Վարչական ազատազրկման պատիժը կատարելուց հետո կապահովվի նշված անձանց Ադրբեջանի Հանրապետության սահմաններից հեռացնելը»,- ասվում է Ադրբեջանի դատախազության հաղորդագրության մեջ։
Հուլիսի 29-ին ադրբեջանցիները Լաչինի միջանցքում տեղադրված ապօրինի անցակետում առևանգել են որպես բուժառու ՀՀ մեկնող 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ առևանգված Բաքվի հիվանդանոցներից մեկում է։ Նրա գտնվելու վայրի մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳՆ-ն։ Նրան մեղադրանք են առաջադրել 1991 թվականի Խոջալուի Մեշալի գյուղում տեղի ունեցած դեպքերին վերաբերող մտացածին գործի շրջանակներում։