Սեպտեմբերի 25-ին Արցախի Ասկերանի շրջանում վառելիքի պահեստում տեղի ունեցած խոշոր պայթյունի հետևանքով ԱՀ ԱՆ «Հանրապետական բժշկական կենտրոն», «Արևիկ» ԲՄ, Իվանյանի բուժական կետ և ռուս խաղաղապահների բուժկետում ընդունել են ընդհանուր առմամբ 290 հիվանդ` տարբեր աստիճանի այրվածքներով։
Նրանց հիմնական մասը տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն»։
7 հիվանդի կյանք հնարավոր չէր փրկել և նրանք մահացել են հիվանդանոցում։ Պայթյունից տուժած տասնյակ հիվանդներ դեռևս գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։
13 չճանաչված մարմին տեղափոխվել է «Դատաբժշկական փորձաքննության բյուրո»։
Բազմաթիվ անձինք անհետ կորած են համարվում, քանի որ պայթյունի հետևանքով այրվել են և նրանց վերաբերյալ լրացուցիչ տվյալներ պետք է ճշտվեն։
Ստեփանակերտում գտնվող բժիշկներն ու բուժանձնակազմն անում է հնարավորը՝ վիրավորների կյանքը փրկելու համար:
Ուղղաթիռով բժիշկների թիմն անհրաժեշտ դեղորայքով և բժշկական պարագաներով Հայաստանից մեկնել է Ստեփանակերտ` օգնելու բենզինի պահեստում պայթյունից տուժածներին:
Ստեփանակերտի կենտրոնական հիվանդանոցում պացիենտները նախապատրաստվում են տեղափոխման։