Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքում

Ֆրանսիան հյուպատոսություն կբացի Սյունիքում

PanARMENIAN.Net - Ֆրանսիան նախատեսում է ՀՀ Սյունիքի մարզում հյուպատոսություն բացել։ Ֆրանսիայի Ազգային ժողովի նիստում այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան` անդրադառնալով հարցին, թե ինչ է անում Ֆրանսիան հայերին պաշտպանելու համար։

«Մենք խորացրել ենք ռազմական ոլորտում Հայաստանի հետ համագործակցությունը։ Ֆրանսիայի դեսպանատանը ռազմական կցորդ կնշանակվի։ Սահմանամերձ Սյունիքի մարզում շուտով հյուպատոսություն կբացենք»,– ասել է Կոլոննան, հայտնում է Sputnik Արմենիան։

Նա նաև ընդգծել է, որ Ֆրանսիան բազմիցս հանդես է եկել ի պաշտպանություն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի, այդ թվում ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել։ Կոլոննան նաև հիշեցրել է ֆինանսական աջակցության մասին, որը Փարիզը կտրամադրի Երևանին բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար:

Ֆրանսիան 7 մլն եվրո կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց սոցիալական խնդիրները լուծելու համար: Բացի այդ, Փարիզը սարքավորումներ կուղարկի վիրավորներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Սեպտեմբերի 20-ի առավոտվա դրությամբ մի շարք քաղաքներից ու գյուղերից ավելի քան 7000 մարդ էր տարհանվել, առնվազն 200 զոհ կար և 400 վիրավոր։ Բաքուն հայտարարել էր, որ չի դադարեցնի ռազմական գործողությունները, մինչև Արցախի ՊԲ-ն վայր չդնի զենքերը, ԱՀ իշխանությունն էլ չլուծարվի:

Սեպտեմբերի 20–ին հայտնի դարձավ, որ ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ, ըստ էության համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և լուծարում։ Սեպտեմբերի 21–ին Եվլախում հանդիպել են Բաքվի և ԼՂ ներկայացուցիչները, այնուհետև սեպտեմբերի 25-ին՝ Իվանյանում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, ԼՂ ղեկավարության խոսքով՝ բոլորը հեռանալու են երկրից:

Photo. AFP
 Ուշագրավ
«Ուղարկող երկրի առանձնաշնորհն է որոշել այս կամ այն երկրում դեսպանի թեկնածությունը»,–ասել է նա
Նա նշել է, որ աշխատանքներ են տարվում Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ
Նա այդ մասին խոսել է ԱԶԿ խորհրդարանական խմբակցության հետ հանդիպման ժամանակ
---