Գառնիում սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա են գտել

Գառնիում սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա են գտել

PanARMENIAN.Net - Գառնիում հայտնաբերվել է սինթետիկ թմրամիջոցների լաբորատորիա: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի 33- ամյա մի բնակչուհի և ՌԴ 31-ամյա մի քաղաքացի իրացման նպատակով ապօրինի ձեռք են բերում, պատրաստում և պահում առանձնապես խոշոր չափերի տարատեսակ թմրամիջոցներ:

Տեղեկությունը ստուգելու նպատակով ձեռնարկվել են օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց արդյունքում պարզվել է, որ նրանք համատեղ բնակվում են Կոտայքի մարզի Գառնի գյուղի առանձնատներից մեկում, որտեղ էլ պատրաստում և համացանցի միջոցով իրացնում են թմրամիջոցներ։ Ըստ տեղեկությունների` նրանց բնակության վայրում կար սինթետիկ թմրանյութեր պատրաստելու լաբորատորիա և մարիխուանա ստանալու հատուկ սարքավորումներով կահավորված տարածք:

Տեղեկությունը փոխանցվել է Աբովյանի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հոկտեմբերի 11-ին խուզարկվել է Գառնիի նրանց բնակության վայրը, որտեղ էլ հայտնաբերվել է մոտ 60 գրամ մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, մոտ 8 գրամ մարիխուանա, մոտ 51 գրամ մեթամֆետամին, հարմարեցված տարաներում աճեցված կանեփի 30 բույս, տարբեր տարողությամբ 23 տարա՝ լցված ընդհանուր մոտ 12 լիտր տարատեսակ քիմիական նյութերով և պրեկուրսորներով, ինչպես նաև թմրամիջոցներ պատրաստելու համար նախատեսված ապակե կոլբաներ, գործիքներ, թմրամիջոցներ պատրաստելու և աճեցնելու համար նախատեսված այլ սարքավորումներ:

Նույն գործի շրջանակում տան մոտ ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել է Երևանի 37-ամյա մի բնակիչ, որը բանավոր հայտարարել է, որ մեքենայում կա օդաճնշիչ ատրճանակ և մեֆեդրոն տեսակի թմրամիջոց, որը ձեռք էր բերել 33-ամյա բնակչուհուց:

Նույն որը խուզարկվել է նաև Երևանի Ֆուչիկի փողոցում գտնվող 33-ամյա կնոջ մեկ այլ բնակության վայր. հայտնաբերվել է մարիխուանա և զիպ փականով 187 տոպրակ՝ նախատեսված թմրամիջոցներ իրացնելու համար։

Ապօրինի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և օգտագործելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և ոստիկանության Կոտայքի բաժին է տեղափոխվել Ֆուչիկի փողոցի 28-ամյա մի բնակիչ:

Քրեական վարույթի շրջանակում բոլոր անձինք ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Կոտայքի բաժնի ձերբակալվածների պահման վայր։

Նախաքննությունը շարունակվում է:

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---