Իրավապաշտպան. Քանի դեռ Բաքուն ունի հնարավորություն, կշարունակի գործել ուժի դիրքերից, բայց ռեսուրսն անսպառ չէ

Իրավապաշտպան. Քանի դեռ Բաքուն ունի հնարավորություն, կշարունակի գործել ուժի դիրքերից, բայց ռեսուրսն անսպառ  չէ

PanARMENIAN.Net - Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանուշ Սահակյանը, անդրադառնալով ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» հայցի քննությանը, ասել է՝ այն, որ Ադրբեջանը խախտում է միջազգային իրավունքը, ամենևին չի արդարացնում միջազգային մեխանիզմներին չդիմելը։

Նա նշել է նաև, որ քանի դեռ Ադրբեջանն ունի հնարավորություններ, կշարունակի գործել ուժի դիրքերից, բայց դա անսպառ ռեսուրս չէ, հայտնում է Aravot.am-ը։

«Այն, որ մենք գործ ունենք հրապարակային գործընթացի հետ, արդեն իսկ կարևոր է ու դա իմիջային վնաս կարող է պատճառել, հատկապես որ լսելի է դառնում: Իսկ եթե այդ փաստարկների ուժի ներքո նաև իրավական մեխանիզմներն են արձանագրում խնդիրները, սա պարտավորեցնում է, որի կատարումից հրաժարվում է Ադրբեջանը: Սա վնասող վարքագիծ է ու որոշակի առումով իր հետևանքը թողնում է, իհարկե, քանի դեռ պոտենցիալն ու հնարավորություններն ունի, կշարունակի գործել ուժի դիրքերից, բայց կարծում եմ սա անսպառ ռեսուրս չէ»,– ասել է նա։

Սահակյանը նշել է, որ միջազգային իրավական մեխանիզմներում որոշումներն էլ պետք է արտացոլեն իրավունքը:

«Դրա համար ես արդարացված եմ համարում նախ այդ մեխանիզմներից օգտվելը, և, բնականաբար, իրավական փաստարկներ ներկայացնելը: Այլ հարց է, որ հիմա շատ ավելի կտրուկ փոփոխություններ կան ու կարծես թե պետությունները բացարձակ ուժի դիրքերից են հանդես գալիս, սակայն համակարգեր կան, որոնք չեն կորցրել իրենց կենսունակությունը: Միգուցե արդյունավետությունը քննարկվում է ու հատկապես հիմա, երբ նույնիսկ անարխիստական ձևով են խախտում իրավունքը, բայց կարծում եմ, որ սա ոչ միայն միջպետական հարաբերությունների միտում է, այլև ներպետական, երևի թե հասարակական հարաբերությունների զարգացման նոր որակական ցիկլ կարող ենք համարել»,–ասել է նա:

Միջազգային իրավունքի մասնագետը նշել է, որ ՄԱԿ-ի դատարանի որոշումների մեխանիզմներ կան և դրանց գոյության պայմաններում շատ ավելի հեշտ է քաղաքական ճնշում գործադրելը։

«Ուստի անպայմանորեն պետք է պայքար տանել, որ այդ որոշումները լինեն, որից հետո այդ որոշումների հիման վրա պետք է աշխատանք տարվի, որ ինտենսիվանա քաղաքական ճնշումն ու, ինչու ոչ, կոշտ դրսևորումներ ստանան, ինչպիսին կարող է լինել թե՛ պաշտոնատար անձանց, թե՛ հենց պետության նկատմամբ պատժամիջոցների կիրառումը։ Սա չկատարելը բացթողում կմեկնաբանվի ու հետագայում ավելի կլեգիտիմացնի Ադրբեջանի հակաիրավական վարքը, հատկապես, որ Հայաստանը ուժաքաղաքական դիրքերից հանդես չի գալիս արտաքին հարաբերություններում»,–ասել է նա։

Հայաստանը դիմել է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարան ՝ Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոցներ կիրառելու պահանջով։ Ըստ պահանջի, Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ցանկացած գործողությունից, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն ուղղված է Լեռնային Ղարաբաղից մնացած էթնիկ հայերին դուրս մղելուն կամ նրանց համար հետևանքներ ունենալուն, կամ խոչընդոտում է վերջին ռազմական հարձակման ժամանակ տեղահանված անձանց, այդ թվում ՝ Հայաստան կամ երրորդ պետություններ փախչողներին անվտանգ և արագ վերադարձին իրենց տները, միաժամանակ թույլ տալով նրանց, ովքեր ցանկանում են լքել Լեռնային Ղարաբաղը, դա անել անարգել։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---