Պուտին․ Պատրաստ ենք նպաստել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, բանակցություններ կազմակերպել Մոսկվայում

Պուտին․ Պատրաստ ենք նպաստել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, բանակցություններ կազմակերպել Մոսկվայում

PanARMENIAN.Net - ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ են նպաստել ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը, բանակցություններն ընդունել Մոսկվայում։

«Օրակարգում խաղաղության պայմանագիր նախապատրաստումն է, որպեսզի վերջնականապես վերջակետ դրվի այս երկարամյա հակամարտությունում: Ռուսական կողմը, անշուշտ, պատրաստ է մեր գործընկերներին այս հարցում ցուցաբերել հնարավոր ամեն տեսակի աջակցություն։ Մասնավորապես, մենք համաձայն ենք Մոսկվայում բանակցությունների կազմակերպմանը ցանկացած ձևաչափով, այդ թվում արտգործնախարարների և փորձագետների մակարդակով», - ասել է ՌԴ նախագահը, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա նշել է, որ Ռուսաստանը կնպաստի, որ այդ բանակցություններն ավարտվեն խաղաղության համաձայնագրով, որը կստորագրեն երկու երկրի ղեկավարները։

«Կրկնում եմ՝ անշուշտ, ընտրությունը միշտ համապատասխան երկրինն է։ Ռուսաստանը միայն պատրաստ է դրա համար համապատասխան պայմաններ ստեղծել»,–ասել է նա։

Պուտինը հավելել է, որ վերջին երեք տարում ռուսական կողմը զգալի ջանքեր է ներդրել՝ թույլ չտալու համար սրացում Լեռնային Ղարաբաղում՝ նշելով, որ ռուս խաղաղապահները բարեխղճորեն կատարել են իրենց առաքելությունը՝ առկա լիազորությունների շրջանակում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
---