Լուկաշենկո. ՀՀ-ն միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում

Լուկաշենկո. ՀՀ-ն միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում

PanARMENIAN.Net - Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Բիշքեկում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովում հայտարարել է, որ Հայաստանը «միշտ չէ, որ իրեն գործընկերոջ պես է պահում» ԱՊՀ անդամ երկրների հանդեպ։

«Սկզբից մեր միավորումից դուրս եկավ Վրաստանը, դե–ֆակտո մեզ հետ չէ Ուկրաինան։ Մեծ հարցեր կան Մոլդովայի հետ կապված։ Ոչ միշտ է գործընկերոջ պես, ցավոք, իրեն պահում Հայաստանը», – ասել է Լուկաշենկոն, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Ըստ Բելառուսի նախագահի, այս իրավիճակին հնարավոր չէ կողքից հանգիստ հետևել, այլապես ԱՊՀ երկրներին «պարզապես պատառ–պատառ կանեն»։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մեկնի Բիշքեկ, որտեղ կայանալու է ԱՊՀ գագաթնաժողովը։ Նշվել է, որ Հայաստանի վարչապետը հայտնել է, որ «մի շարք հանգամանքների պատճառով չի կարողանա մասնակցել ԱՊՀ գագաթնաժողովին»։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել էր մասնակցել Գրանադայի հնգակողմ հանդիպմանը, քանի որ Փարիզն ու Բեռլինը Թուրքիայի մասնակցության հավանություն չէին տվել։

ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը հայտարարել էր, որ Մոսկվան դիտարկում է հոկտեմբերի 12-ին Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև բանակցությունների հնարավորությունը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական կողմն արդեն տվել է սկզբունքային համաձայնությունը։ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը հայտնել է, որ հոկտեմբերի 12-ին Բիշքեկում նախատեսված ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին կմասնակցի ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը և որ ՀՀ ԱԳՆ–ն դեռևս հոկտեմբերի 4-ին էր գրավոր տեղեկացրել ԱՊՀ գործադիր կոմիտեին։

 Ուշագրավ
---