Բաքվում կալանավորված Մնացականյանն ու Մանուկանը կապ են հաստատել հարազատների հետ

Բաքվում կալանավորված Մնացականյանն ու Մանուկանը կապ են հաստատել հարազատների հետ

PanARMENIAN.Net - Բաքվում կալանավորված գեներալներ Լևոն Մնացականյանն ու Դավիթ Մանուկանը Հակարիի կամրջից երկու շաբաթ առաջ առևանգվելուց հետո օրերս վերջապես կապ են հաստատել հարազատների հետ։

Դավիթ Մանուկյանի եղբայրը՝ ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկանը հայտնել է, որ Արցախի ՊԲ հրամանատարի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը երկու օր առաջ ընտանիքի անդամների հետ կարճատև զրույց է ունեցել, շփումը տեղի է ունեցել ռուսերեն, հայտնում է «Ազատությունը»։

Մանուկյանը ենթադրում է, որ այդկերպ ադրբեջանցիները փորձում են վերահսկել խոսակցությունը։ Ըստ հարազատների՝ Կարմիր Խաչից նրան առայսօր դեռ չեն այցելել։

Պատգամավորը պատմել է, որ եղբայրը Հակարիի կամուրջն անցնելիս եղել է իր մեքենայով, որի մեջ են այդ պահին գտնվել նաև նրա կինը և Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։

Այն մասին, թե արդյո՞ք մինչև ադրբեջանական անցակետն անցնելը պամանավորվածություն ձեռք բերվել է, որ ադբեջանցիները չեն խոչընդոտելու բարձրաստիճան զինվորականի և Արցախի նախկին պետնախարարի տեղափոխմանը Հայաստան, Մանուկանի հարազատները ոչինչ չգիտեն։

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակից հաստատել են՝ ոչ միայն բարձրաստիճան զինվորականներին, այլև Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության որևէ ներկայացուցչի կազմակերպության անդամները դեռ չեն այցելել։ Պատճառները պարզ չեն։

Առաջին անգամ հեռախոսով հարազատների հետ կապ է հաստատել նաև Ադրբեջանի Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանում պահվող գեներալ Լևոն Մնացականյանը։ Կալանավորումից երկու շաբաթ է անցել, սակայն ի տարբերություն գերեվարված մյուս զինվորականների և քաղաքական գործիչների՝ Մնացականյանի վերաբերյալ Ադրբեջանի հատուկ ծառայությունները որևէ լուսանկար կամ տեսանյութ չեն հրապարակել։ Առայսօր նրան ևս Կարմիր Խաչից չեն տեսակցել։

«Ազատության» տեղեկություններով՝ Ադրբեջանի կողմից գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր ութ անդամներն էլ, այդ թվում՝ երեք նախկին նախագահները, այս կամ այն կերպ կապ են հաստատել ընտանիքի անդամների հետ։

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանը 2021-ից դադարեցրել էր զինվորական ծառայությունը՝ անցնելով թոշակի։ Առևանգումից երկու օր անց՝ սեպտեմբերի 29-ին Բաքուն նրան 4 ամսով կալանավորել է՝ Մանուկյանին մեղադրելով Ղարաբաղում ահաբեկչական գործողություն կատարելու մեջ։

2015-18 թվականներին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանին ադրբեջանցիները գերեվարել են սեպտեմբերի 29-ին՝ դարձյալ Հակարիի կամրջից։ Բաքուն նրան մեղադրանք է առաջադրել «անօրինական խմբավորմանն անդամակցելու և 2002-ին Ալխանլի գյուղում մի խումբ ադրբեջանցիների գերեվարելու ու խոշտանգելու» համար։ Ադրբեջանը պնդում է, թե Լևոն Մնացականյանի նկատմամբ հետախուզում է հայտարարել դեռ 2006-ից:

 Ուշագրավ
---