Լիտվայի վարչապետը՝ Փաշինյանին․ Մտադիր ենք աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը

Լիտվայի վարչապետը՝ Փաշինյանին․ Մտադիր ենք աջակցել ԵՄ-ՀՀ հարաբերությունների խորացմանը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հաջորդած ասուլիսում ասել է, որ իր անկեղծ ցանկությունն է տեսնել Հայաստանում Եվրամիության ներկայության ավելացում։ Նա վերահաստատել է, որ Լիտվան մտադիր է աջակցել Եվրամիություն-Հայաստան հարաբերությունների խորացմանը։

«Հպարտ եմ, որ Լիտվան առաջին պետությունն է, որ Հայաստանի անկախությունը ճանաչեց 1991թ., և ուրախ եմ, որ այսօր այստեղ եմ և վերահաստատում եմ Լիտվայի աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև ժողովրդավար, բարեփոխված Հայաստանի կառուցումը շարունակելու Ձեր կառավարության հանձնառությանը: Ներկայումս ձեր երկրի համար մարտահրավերներով լի ժամանակներ են:

Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Լեռնային Ղարաբաղի պատերազմներում զոհվածների ընտանիքներին, ցավակցում եմ այն տառապանքի համար, որը կրել են տներից հեռացած մարդիկ: Լիտվայի կառավարությունը ֆինանսական և մարդասիրական, նյութական աջակցություն է հատկացրել Հայաստանին, թեպետ դա չի ամոքի ցավը, հույս ունեմ, որ դա կօգնի հոգալ նրանց որոշ՝ ամենահրատապ կարիքների մի մասը:

Բարձր եմ գնահատում Ձեր կառավարության հանձնառությունը՝ խաղաղության գործընթացին և աջակցությունն՝ այն միջնորդելուն ուղղված Եվրամիության և ԱՄՆ-ի ջանքերին: Ես հույս և հավատ ունեմ, որ երկու կողմերը կպահպանեն իրենց հանձնառությունները՝ հարգելով մեկմեկու տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը:

Քննարկեցինք անվտանգության իրավիճակը տարածաշրջանում և աշխարհում, վերահաստատեցի իմ խորը համոզմունքն առ այն, որ այժմ ավելի քան երբևէ ժողովրդավարությունները պետք է միավորվեն և կանգնեն ուս-ուսի տված՝ պաշտպանելով մեր ընդհանուր արժեքները և կանոնահենք միջազգային աշխարհակարգը: Նաև այս պատճառով է, որ այսօր այստեղ եմ»,–ասել է նա:

Նա նշել է, որ քննարկվել է, թե ինչպես կարող է Լիտվայի փորձագիտական կարողությունն օգտագործել տարբեր ոլորտներում՝ էներգետիկա, հատկապես վերականգնվող էներգետիկա, տրանսպորտ և շրջակա միջավայր, ինչպես նաև այլ բարեփոխումներ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին ասել է, որ Լիտվայի վարչապետի հետ խոսել են Եվրամիությունում առաջիկայում կայացվելիք որոշումների մասին, որոնք վերաբերում են նաև Հարավկովկասյան տարածաշրջանին:

«Նախորդ օրը ես ծավալուն ելույթ ունեցա Եվրոպական խորհրդարանում, որտեղ արձանագրեցի, որ Հայաստանը պատրաստ է առավել մոտ լինել Եվրամիությանը, այնքան ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Վարչապետ Շիմոնիտեի հետ քննարկեցինք, թե սա ինչ է նշանակում, կամ ինչ կարող է նշանակել գործնականում:

«Լիտվայի վարչապետին ներկայացրել եմ Խաղաղության խաչմերուկի մեր նախագիծն ու առաջարկը, որի մասին նույնպես խոսել եմ Եվրոպական խորհրդարանում, և որի առանցքային նպատակը տարածաշրջանային Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք կոմունիկացիաների վերաբացումն ու ակտիվացումն է, այդ թվում՝ Հայաստանի տարածքով և որը Կասպից ծովը կմիացնի Միջերկրականին, Սև ծովը Ծոցին, և սա կարող է ոչ միայն մեր տարածաշրջանի կայունության և զարգացման երկարաժամկետ երաշխիք լինել, այլև գլոբալ տնտեսական համագործակցության կարևոր օղակ դառնալ: Սա կարող է ակտիվացնել նաև ԵՄ-Հայաստան, Լիտվա-Հայաստան տնտեսական կապերը:

Վարչապետ Շիմոնիտեին ներկայացրեցի նաև մեր տարածաշրջանում հաստատված վիճակը, առաջին հերթին՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած էթնիկ զտումների, և ԼՂ-ի ևս 100 հազար հայերի փախստական դառնալու փաստը։

Ընդգծեցի նաև, որ Բրյուսում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի և իմ հանդիպումների ընթացքում, ըստ էության, ձևավորվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության և հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ, որն արտահայտվել է նաև Գրանադայի քառակողմ հայտարարության մեջ: Այդ ճանապարհային քարտեզին կողմերի հավատարմությունը ճեղքում կապահովի խաղաղության գործընթացում: Հայաստանն ինչպես հաստատել, այնպես էլ վերահաստատում է վերը նշված սկզբունքներին իր հավատարմությունը»,–ասել է վարչապետը։

Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Լիտվայի վարչապետը ծաղկեպսակ է դրել Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ, ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ:

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---