Միջազգային փորձագետները մտահոգված են Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ուժի կիրառման հավանականությամբ

Միջազգային փորձագետները մտահոգված են Ադրբեջանի կողմից ՀՀ դեմ ուժի կիրառման հավանականությամբ

PanARMENIAN.Net - Միջազգային փորձագետները մտահոգված են Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հավանականությամբ: Այդ ֆոնին Բաքու է ժամանել ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալ Ջոշուա Հեքը՝ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ Հայտնի է, որ Բաքվից հետո Հեքը կայցելի Թուրքիա, Հայաստան և Վրաստան, գրում է «Ամերիկայի ձայնը»։

Հանդիպմանն Ալիևը հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, բանակցությունները շարունակելու և հնարավորինս շուտ խաղաղության պայմանագիր կնքելու պատրաստակամության մասին:

Վերլուծաբան Ջոնաթան Կացի կարծիքով, Վաշինգտոնը մեծապես հետաքրքրված է հարավկովկասյան տարածաշրջանով՝ նպատակ ունենալով հասնել Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայունության ու խաղաղության՝ կանխելով ռազմական նոր գործողությունները:

«Առկա են որոշ մարտահրավերներ։ Կան մտահոգություններ՝ կապված Ադրբեջանը Նախիջևանին կապող միջանցքի «բացման» շուրջ։ Սրանք բավականին անհանգստացնող հեռանկարներ են` լուծումներ պարտադրելու, նոր հակամարտություններ և ռազմական գործողություններ հրահրելու առումով»,-ասել է նա։

Կացն ուրվագծում է տարածաշրջանում Արևմուտքի առաջնահերթությունները՝ աջակցություն Լեռնային Ղարաբաղից հեռացած հայությանը և կայունության հաստատում։

«Կարծում եմ՝ լայն քաղաքական կայունություն դեպքում տարածաշրջանի բոլոր երկրները հնարավորություն կունենան սերտորեն հարաբերվելու ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ: Հայաստանն այն երկիրն է, որը ձգտում է խորացնել իր կապերը, սակայն նաև ստիպված է լուծել այլ հարաբերություններում առկա հարցեր, որոնք կապված են, օրինակ, Ռուսաստանի հետ»,–հավելել է նա:

Վերլուծաբան Ջերեմի Շապիրոն, սակայն, թերահավատ է, որ Հարավային Կովկասը կարևոր է Վաշինգտոնի համար։

«Միացյալ Նահանգները մեծ հետաքրքրություն չունի տարածաշրջանի նկատմամբ: Իրականում, նույնիսկ Եվրոպան չունի մեծ հետաքրքրություն և չի ցանկանում մեծ ռեսուրսներ վատնել այդ տարածաշրջանում: Չեմ կարծում, թե սա նորություն է։ Այս առումով իրավիճակը չի փոխվել։ Այդ տարածաշրջանը միշտ եղել է Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի միջև պայքարի դաշտ»,–ասել է նա։

Շապիրոն չի թաքցնում իր մտահոգությունը՝ կապված Հայաստանի հարավային հատվածով տարանցիկ ճանապարհ բացելու ադրբեջանական զինուժի հնարավոր փորձի հետ։

«Կան տարբեր պնդումներ, որոնք ադրբեջանցիները ներկայացնում են Հայաստանի հարավային հատվածների նկատմամբ և պահանջում տարանցիկ երթուղի կամ միջանցք՝ կախված նրանից, թե որ բառապաշարն եք նախընտրում: Ենթադրում եմ՝ առաջիկա մի քանի ամիսներին նրանք կօգտագործեն ռազմական ուժ՝ միջանցքը բացելու համար»,- նշել է նա:

Ռազմական առումով, ըստ վերլուծաբանի, Հայաստանն այսօր անկարող է դիմադրել Ադրբեջանին։ Ուստի, ապավինում է միջնորդավորված բանակցությունների փոխզիջում գտնելու նպատակով` մի կողմից եվրոպացիների ու ամերիկացիների միջնորդությամբ, մյուս՝ ռուսների:

Շապիրոյի խոսքով, ռազմական ներխուժման պարագայում՝ հայկական կողմը ձգտելու է հասնել միջազգային հանրության կողմից դատապարտմանը, Բաքվի նկատմամբ պատժամիջոցների կիրառմանը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևին ու հավելյալ սպառազինության ստացմանը, սակայն դժվար թե միջազգային հանրության կողմից ավելի ուժգին արձագանք լինի, քան եղավ Լեռնային Ղարաբաղի դեպքերի ժամանակ։

«Դժվար է հավատալ, որ ամերիկացիներն ավելի լուրջ միջոցներ կձեռնարկեն։ Նրանք պետք է ինչ-որ կերպ արձագանքեն, սակայն, կարծում եմ, արձագանքը կլինի հիմնականում խոսքերով»,–ասել է նա:

Հեղինակավոր Stratfor վերլուծական կենտրոնը ևս օրերս անդրադարձել է ադրբեջանական բանակի՝ Հայաստան հնարավոր ներխուժմանը՝ նշելով, թե իրադրությունը մնում է լարված, իսկ խաղաղության համաձայնագիրը՝ անորոշ, քանզի Հայաստանի ու Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաները պարզապես չեն հանդիպում, իսկ Երևանն ու Բաքուն, կարծես, փոխում են իրենց աշխարհաքաղաքական ուղեգծերը:

Ըստ կենտրոնի, ներկայացվածի վառ վկայությունն է, որ Ալիևը հրաժարվել էր մասնակցել հոկտեմբերի 5-ին Գրանադայում՝ Եվրոպական համայնքի գագաթնաժողովի շրջանակում նախատեսված հնգակողմ հանդիպմանը, իսկ Փաշինյանը չի մեկնել Բիշքեկ՝ ԱՊՀ երկրների գագաթնաժողովին, որտեղ ներկա էին Ալիևն ու Պուտինը:

«Տարաձայնությունը Երևանի և Բաքվի միջև, հավանաբար, կշարունակվի, քանի դեռ կողմերը չեն հասել համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Ադրբեջանը, հավանաբար, կփորձի համախմբել տարածաշրջանի հիմնական շահագրգիռ կողմերին՝ Թուրքիային, Ռուսաստանին և Իրանին՝ խաղաղ կարգավորման իր տեսլականն առաջ մղելու և Հայաստանի նկատմամբ ճնշում գործադրելու համար։ Մինչդեռ, Հայաստանը, հավանաբար, կփորձի ստանալ ԱՄՆ ու եվրոպական երկրների աջակցությունը: Սա կպահպանի լարվածությունը, հատկապես, եթե Փաշինյանի և Ալիևի, կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների միջև հանդիպումներ չկայանան»,– ասվում է վերլուծության մեջ:

Stratfor-ը շեշտել է, թե մեծանում է մտավախությունը, որ Ադրբեջանը կարող է առաջիկայում դիմել ուժի կիրառման, քանի որ խաղաղության կամ սահմանազատման վերաբերյալ լուրջ բանակցություններ չկան։

Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի երրորդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում ընդունվել է համատեղ հայտարարություն, որով Փաշինյանը հերթական անգամ ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86,600 քկմ տարածքով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցել համաժողովին։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, արձագանքելով սոցցանցերում շրջանառվող այն մտահոգություններին, թե «վարչապետը հանձնել է անկլավներն ու միջանցքը», Գրանադայում տեղի ունեցածն անվանել է «լուրջ հաղթանակ» հայկական կողմի համար։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---