Կարեն Շահրամանյանը տուժող է ճանաչվել․ 10 ձերբակալված կա

Կարեն Շահրամանյանը տուժող է ճանաչվել․ 10 ձերբակալված կա

PanARMENIAN.Net - Քննչական կոմիտեն քննում է հոկտեմբերի 20-ին Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի դիմաց մի խումբ անձանց մասնակցությամբ տեղի ունեցած առերևույթ խուլիգանության, բռնության գործադրման, ինչպես նաև՝ հափշտակության հանգամանքները պարզելու ուղղությամբ։

Ոստիկանության ծառայողների կողմից դեպքի վայրից մի խումբ անձինք տարվել են բաժին, ապա ներկայացվել են վարույթն իրականացնող մարմնին։

Որոշում է կայացվել, հանցավոր արարքներ կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի հիմքով, թվով 10 անձի ձերբակալելու վերաբերյալ։ Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը ճանաչվել է տուժող։

Հոկտեմբերի 20-ին հաղորդում է ստացվել՝ Երևանում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչության շենքի բակում հավաքված անձանց կողմից քաշքշոցների, ձեռքերով մեկ անձի մարմնի տարբեր մասերին հարվածներ հասցնելու, մոտակայքում գտնվող «Toyota» մակնիշի ավտոմեքենան վնասելու, անհայտ հանգամանքներում ավտոմեքենայի սրահի պահոցից խոշոր գումարի անհետացման, բջջային հեռախոս և պետհամարանիշ վերցնելու վերաբերյալ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (անձի, կամ նրա մերձավոր ազգականի, կամ մերձավորի նկատմամբ հարվածներ հասցնելը կամ բռնի այլ գործողություններ կատարելը` կապված այդ անձի կողմից իր պետական, քաղաքական, ծառայողական, մասնագիտական, կամ հասարակական գործունեության, կամ պարտքի կատարման հետ,) 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը), 254-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (տուժողի մարմնի վրայից, հագուստից, պայուսակից, այլ պահոցից կամ օբյեկտից խոշոր չափերով գողություն կատարելը) և 456-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ կամ տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ հափշտակելը, շորթելը, ոչնչացնելը, վնասելը կամ թաքցնելը) նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձևավորվել է քննչական խումբ։

Նախաքննությունը շարունակվում է։

Կատարվածի հանգամանքների լիարժեք պարզման շրջանակներում Ոստիկանությանը տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն։

Հոկտեմբերի 20–ին Երևանում Արցախի ներկայացուցչության մոտ իրավիճակը վերահսկողությունից դուրս է եկել՝ բողոքի ակցիայի մի խումբ մասնակիցներ հարձակվել են Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանի վրա և ծեծի ենթարկել նրան։ Ոստիկանները մեծ դժվարությամբ են կարողացել Շահրամանյանին ազատել ցուցարարների ձեռքից և մի կողմ տանել նրան:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---