Նախարար. Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ

Նախարար. Ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ

PanARMENIAN.Net - ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է, որ ուսուցիչների կամավոր ատեստավորման կարգում կլինեն մի շարք փոփոխություններ։

«Կամավոր ատեստավորման կարգում նախաձեռնել ենք մի շարք փոփոխություններ, ըստ այդմ․

-ատեստավորումն անցած և 60-69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչների համար նախատեսում ենք դրույքաչափի փոփոխություն՝ հասցնելով այն 200 հազար դրամի, կտարածվի նաև նախորդ տարիներին մասնակցած և այս արդյունքն ունեցած ուսուցիչների վրա

-չատեստավորված, սակայն երկրորդ անգամ ատեստավորմանը մասնակցած և 50-59 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները, ինչպես նաև առաջինից երկրորդ ատեստավորման արդյունքում առնվազն 15 տոկոս աճ գրանցած ուսուցիչները հնարավորություն կունենան ևս մեկ անգամ մասնակցել հաջորդ ատեստավորմանը և մինչև այդ աշխատանքի շարունակության խնդիր չեն ունենա»,–ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ փոփոխություններով կկարգավորվեն նաև մի շարք ոչ միանշանակ մեկնաբանվող դրույթներ։

«Առաջիկայում կներկայացնենք նաև ուսուցչի մասնագիտական զարգացման նոր փաթեթը՝ տարակարգի կարգի փոփոխությունները՝ թղթաբանության զգալի թեթևացմամբ, վերապատրաստման նոր ծրագրերն ու կարգը, որոնք կգործեն արդեն հաջորդ տարվանից», ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ ուսուցիչները բողոքի ակցիաներ են անցկացրել՝ պահանջելով կամ թեթեւացնել ուսուցչի ծանրաբեռնվածությունը, կամ ատեստավորման թեստերը կազմել այնպես, որպեսզի մեծամասնությունը կարողանա հաղթահարել այն:

Ուսուցիչները նաև պահանջում էին փակել էլեկտրոնային մատյանները և անցնել թղթային մատյաններին, քանի որ, ըստ նրանց, այդպիսով աշակերտների կրթական մակարդակը չի բարձրանում, իսկ իրենց աշխատանքի ծանրաբեռնվածությունը մեծանում է:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---