Պետդեպ․ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների

Պետդեպ․ ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղարությունը վերահաստատել է իր վճռական աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ կապված Լեմկինի ինստիտուտի՝ Հայաստանի ու Ադրբեջանի մասին օրերս հնչեցրած մտահոգության հետ:

Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հոկտեմբերի 31-ին հայտարարել էր կարմիր դրոշի ահազանգ և խորը մտահոգություն հայտնել առաջիկա օրերին և շաբաթներին Ադրբեջանի կողմից Հայաստան ներխուժելու հավանականության մասին:

Պետքարտուղարությունում շեշտել են, որ Հայաստանի «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների»:

Մեկնաբանության մեջ ասված է. «Միացյալ Նահանգները վճռականորեն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը: Մենք ընդգծել ենք, որ այդ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ցանկացած խախտում կբերի լուրջ հետևանքների։ Մենք պարբերաբար շեշտում ենք մեր ակնկալիքները, ինչպիսին է ուժի կիրառման դեմ հորդորը, և շարունակաբար հետևում իրավիճակին։ Հայաստանը Միացյալ Նահանգների մտերիմ գործընկերն է ու բարեկամը, և մենք ակնկալում ենք աշխատել Հայաստանի իշխանությունների հետ՝ ամրապնդելու համար Հայաստանի քաղաքական և տնտեսական անվտանգությունը»:

Հոկտեմբերի 6-ին ԵՄ-ում Հայաստանի դեսպանի թեկնածու Տիգրան Բալայանը զգուշացրել էր, որ Հայաստանում կարծում են, որ ադրբեջանական ներխուժում կարող է տեղի ունենալ «շաբաթների ընթացքում»: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս մի խումբ ամերիկացի օրենսդիրների նմանատիպ սպառնալիքների մասին էր խոսել։

Ընթերցեք նաև․ Լեմկինի ինստիտուտ․ Առաջիկա օրերին կամ շաբաթներին Ադրբեջանի կողմից ՀՀ ներխուժման վտանգ կա

 Ուշագրավ
---