Փաշինյան. Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու

Փաշինյան. Մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի ագրեսիայի արդյունքում ԼՂ-ից բռնի տեղահանվածները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու։ Այդ մասին կառավարության նիստում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արդեն իսկ բավականին մեծ հոսք կա, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերը և եղբայրները դիմում են ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցով»,-ասել է նա։

Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին, իսկ գործադիրի խնդիրն այն է, որ հնարավորինս արագ այդ գործընթացը կազմակերպի, հայտնում է Panorama.am-ը։

«Այստեղ նաև մեզ բոլորիս՝ Կառավարությանը և պետական մարմիններին, պետք է հնարավորինս արագ աշխատել, բայց նաև ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերից և եղբայրներից որոշակի համբերություն ենք ակնկալում, որպեսզի ամեն ինչ ճիշտ, օրինական ընթացակարգերով առաջ շարժվենք, որպեսզի արագության պատճառով իրավական խնդիրներ չառաջացնենք»,-հայտարարեց գործադիրի մարմնի ղեկավարը՝ շնորհակալություն հայտնելով, որ արցախցիները ըմբռնումով են մոտենում, որ իրավական տեսանկյունից ամեն ինչ ճշգրիտ պետք է լինի:

«Հետագայում արդեն նաև քաղաքացիություն և կարգավիճակ ստանալու բերումով պետք է մտածենք՝ կենսաթոշակառուների թոշակների վճարման ինչ համակարգ ենք ներդնում, ինչ սկզբունքներ պետք է գործեն»,-հայտնել է Փաշինյանը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկել է թիվ հրապարակել, թե քանի բռնագաղթած արցախցի է ստացել ՀՀ քաղաքացիություն, ինչին ի պատասխան Փաշինյանն ասել է, որ այդ թվերը չունի և առաջարկել է Հումանիտար կենտրոնի ասուլիսների ժամանակ հնչեցնել թվերը:

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---