Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը

Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը

PanARMENIAN.Net - Ավելի քան 528 մլն դրամ կհատկացվի կառուցված, հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը։ Կառավարության որոշմամբ այդ նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2023 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների միջև վերաբաշխում կկատարվի»։

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ դպրոցների շինարարության ծրագրերի իրականացման ընթացքում ի հայտ են գալիս առաջարկություններ, նախաձեռնություններ, որոնք ավելի են լավարկում այդ ծրագրերը: Անդրադառնալով դպրոցների գույքով ապահովմանը՝ վարչապետը մեկ անգամ էլ հանձնարարել է, որ այդ գործընթացում բացառել հին գույքերի ներգրավումը:

248 մլն 546 հազար դրամ կուղղվի 2021-2022թթ.-ին կառուցված/հիմնանորոգված դպրոցների գույքով ապահովմանը, մինչև տարեվերջ վերակառուցումն ավարտվող դպրոցների մարզադահլիճների շինարարության ծավալների ավելացմանը: Խոսքը 14 դպրոցի մասին է։

Մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխման միջոցով 279 մլն 945 հազար դրամ կհատկացվի մինչև տարեվերջ կառուցումն ավարտվող դպրոցների, Գեղարքունիքի մարզի թվով 96 դպրոցի և ՀՀ ԿԳՄՍ նախարարության ՀԾ-Ձեռնարկություն ծրագրով ապահովմանը: Նախատեսվող հատկացումները հիմնականում պայմանավորած են 2023թ.-ին ավարտվող շինարարական օբյեկտների գույքով ապահովման անհրաժեշտությամբ: Նշվածը վերաբերում է թվով 6 մոդուլային դպրոցի և Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում կառուցված և կառուցվող թվով 8 դպրոցի գույքով ապահովման ծրագրերին:

Մոդուլային դպրոցների կառուցման ծրագրի շրջանակում, ընդհանուր առմամբ ընտրված է 25 հաստատություն, որոնցից 2-ի շինարարական աշխատանքներն արդեն ամբողջությամբ ավարտվել են (Արարատի մարզի Դեղձուտի միջնակարգ դպրոց և Արմավիրի մարզի Արգինայի միջնակարգ դպրոց), ևս 9-ինը ավարտվում է այս տարի։ 2022թ.-ին պետբյուջեի միջոցների հաշվին որոշակի տեսակների և քանակությամբ գույք է հատկացվել թվով 6 դպրոցի (Դեղձուտ միջնակարգ դպրոց, Արգինայի միջնակարգ դպրոց, Հագվու հիմնական դպրոց, Ջրառատի միջնակարգ դպրոց, Կաթնաղբյուրի հիմնական դպրոց և Եղեգիսի միջնակարգ դպրոց):

Որոշմամբ նախատեսվում է հատկացնել 66,103.3 հազար դրամ մոդուլային դպրոցների գույքով ապահովման համար: Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակում մինչև տարեվերջ նախատեսված է թվով 7 դպրոցի կառուցման ավարտ, որի համար նախատեսվում է հատկացնել 141,148.9 հազար դրամ: Մինչև տարեվերջ կառուցումը կավարտվի և գույքով կապահովվի նաև Մասիսի թիվ 5 ավագ դպրոցը, որի շինարարությունը մեկնարկել էր 2021թ.-ին:

Գույքի ձեռքբերման համար գումար է հատկացվում նաև Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմին թվով 96 դպրոցի գույքի ձեռք բերման նպատակով:

 Ուշագրավ
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---