Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ճեպազրույցում մեկնաբանել է Հայաստանի կառավարության որոշումը, ըստ որի՝ միջազգային հաղորդակցության ուղիների անվտանգությունն ապահովելու համար Ազգային անվտանգության կազմում հատուկ ստորաբաժանում է ստեղծվել։
Զախարովան ասել է, որ Երևանի նախաձեռնությունը շատ բանով համահունչ է տարածաշրջանային տնտեսական ու տրանսպորտային կապերն ապաշրջափակելու նպատակով փոխվարչապետերի մակարդակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբում քննարկվող ծրագրերին, գրում է «Ազատությունը»։
«Նախկինի պես մենք պատրաստ ենք ամենայն աջակցություն ցուցաբերել տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակմանը, այդ թվում՝ բարձր մակարդակով եռակողմ հայտարարությունների հիման վրա՝ ընդունված 2020-ի նոյեմբերի 9-ին, 2021-ի հունվարի 11-ին։ Նրանցում հստակ արձանագրված է Ռուսաստանի դերը։
Ըստ եռակողմ համաձայնագրերի՝ Ադրբեջանի և Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունը իրականացնելու է Ռուսաստանի սահմանապահ դաշնային ծառությունը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։