18 նոյեմբերի 2023 - 10:47 AMT
ՀՀ դեսպան․ ՌԴ-ում Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա

ՌԴ-ում Հայաստանի դեսպան Վաղարշակ Հարությունյանն ասել է, որ Երևանը դիտարկում է Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը Ռուսաստանում անցկացնելու առաջարկը։

Միևնույն ժամանակ, նա հավելել է, որ կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա, հայտնում է Interfax-ը։

«Կան տարբեր առաջարկներ, քննարկումներ, բայց կոնկրետ պայմանավորվածություններ դեռ չկան, քանի որ դժվարություններ են առաջանում աշխատանքային գրաֆիկի հետ կապված։ Այստեղ որևէ խնդիր չկա, կա պարզապես տեխնիկական համաձայնեցում։ Հայկական կողմը չի հրաժարվում որևէ առաջարկից։ Աշխատանքները տարվում են»,- ասել է դեսպանը Սանկտ Պետերբուրգի միջազգային մշակությաին համաժողովի շրջանակում՝ պատասխանելով հարցին։

Ադրբեջանը չի մասնակցել Գրանադայում կայացած հնգակողմ հանդիպմանը, հրաժարվել է մասնակցել Բրյուսելում կայանալիք բանակցություններին։ Նոյեմբերի 16-ին Ադրբեջանի ԱԳՆ–ն հայտարարել է, թե Բաքուն հրաժարվում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից: