Փաստաբաններ․ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է՝ ծանրակշիռ ապացույցներ կան

Փաստաբաններ․ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է՝ ծանրակշիռ ապացույցներ կան

PanARMENIAN.Net - ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խումբը հայտարարություն է տարածել՝ հավաստիացնելով, որ Ծառուկյանի գույքերի ծագումն օրինական է, դրանց վերաբերյալ առկա են ծանրակշիռ ապացույցներ, որոնք հնարավորինս սեղմ ժամկետներում կներկայացվեն դատարան և հայցվորին՝ ՀՀ գլխավոր դատախազությանը:

«ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն, իսկ Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը տեսանյութ է տարածել՝ ՀՀ գլխավոր դատախազության կողմից Գագիկ Ծառուկյանին պատկանող ապօրինի ծագում ունեցող գույքերը բռնագանձելու վերաբերյալ դատարան հայցադիմում ներկայացնելու մասին, միևնույն ժամանակ նշվել է, որ Գ․Ծառուկյանի կողմից չի ներկայացվել պահանջված իբրև ապօրինի ծագում ունեցող գույքերի օրինականությունը հիմնավորող փաստաթղթեր:

Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խումբն արձանագրում է, որ Գագիկ Ծառուկյանի գույքերի մասով ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրություններ իրականացրել է մոտ 3 տարվա ընթացքում և ձեռք բերել մեծածավալ նյութերը, որոնք Գագիկ Ծառուկյանին են տրամադրվել վերը նշված հայցադիմումը դատարան ներկայացնելուց ընդամենը մեկ ամիս առաջ:

Նման պայմաններում օբյեկտիվորեն անհնար է եղել նշված կարճ ժամանակահատվածում ամբողջական կերպով ներկայացնել մեծածավալ գույքերի վերաբերյալ պահանջված փաստաթղթերը»,–ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ Գագիկ Ծառուկյանն ամբողջությամբ առարկում է վերը նշված հայցադիմումի դեմ, իսկ անհրաժեշտության դեպքում պաշտպանության խումբը հանդես կգա լրացուցիչ հայտարարություններով և պարզաբանումներով:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում 2020 թվականի հոկտեմբերի 8-ին սկսվել է ուսումնասիրություն ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին պատկանող գույքի առնչությամբ, հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։ Կառույցը Ծառուկյանից առնվազն կես մլրդ դոլար գույք ու գումարի առգրավման պահանջ է ներկայացրել:

Ավելի վաղ Հանրային հեռուստատեսության եթերում հեռարձակվել էր «Դատախազությունը պահանջում է Ծառուկյանին պատկանող շքեղ առանձնատունը, նաև 86 մլրդ դրամ» վերտառությամբ տեսանյութ:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---