Զախարովա․ ՌԴ–ն ողջունում է սահմանազատման շուրջ ՀՀ և Ադրբեջանի հանդիպումը

Զախարովա․ ՌԴ–ն ողջունում է սահմանազատման շուրջ ՀՀ և Ադրբեջանի հանդիպումը

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ ՌԴ–ն ողջունում է սահմանազատման շուրջ ՀՀ և Ադրբեջանի հանդիպումը և պատրաստ է նպաստել այդ գործընթացին։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի և ՀՀ ներկայացուցիչների հանդիպումը համատեղ սահմանին։ Այդ միջոցառման ընթացքում կողմերը պայմանավորվել են համաձայնեցնել կազմակերպչական, մեթոդաբանական հարցերը՝ սահմանազատման գործնական աշխատանքի գործարկումը նախապատրաստելու շրջանակում»,–ասել է նա, գրում է ՏԱՍՍ–ը։

Զախարովան նաև ասել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման ուղղությամբ եռակողմ աշխատանքային խմբի գործունեության հետագա հետաձգումը տարածաշրջանի երկրների դեմ է աշխատելու։

«Մենք կարծում ենք, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում պայմանավորվածությունների ձեռքբերման հետագա ձգձգումն աշխատելու է տարածաշրջանի երկրների, այդ թվում Հայաստանի շահերին դեմ»,–ասել է նա։

Զախարովան նշել է, որ եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքում զգալի առաջընթաց էր գրանցվել։

«Երկու կողմերից քաղաքական կամքի առկայության դեպքում կողմերը կարող են օպերատիվ կերպով ավարտել կոնկրետ նախագծերի համաձայնեցման աշխատանքը և առարկայական գործունեություն սկսել»,–ասել է նա։

Նոյեմբերի 30-ին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանին տեղի է ունեցել երկու երկրի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի հերթական հանդիպումը։ Կողմերը շարունակել են սահմանազատման հարցերի քննարկումը, անդրադարձել կազմակերպչական և ընթացակարգային մի շարք հարցերի:

 Ուշագրավ
---