ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը դիմել է Բլինքենին՝ պատասխանատվության ենթարկելու Ալիևին ԼՂ-ում էթնիկ զտման համար

ԱՄՆ Սենատի հանձնաժողովի նախագահը դիմել է Բլինքենին՝ պատասխանատվության ենթարկելու Ալիևին ԼՂ-ում էթնիկ զտման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինը նամակ է հղել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին՝ կոչ անելով նրան կենտրոնանալ Իլհամ Ալիևի ռեժիմին Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների համար պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ և շարունակել ԱՄՆ աջակցությունը հայերին, որոնք ստիպված են եղել լքել տարածաշրջանը։

Տարածված հաղորդագրությունում նշվում է, որ «Սենատի արտաքին հարաբերությունների նախագահ Բեն Քարդինը նոր նամակում ճնշում է գործադրում Էնթոնի Բլինքենի վրա՝ կոչ անելով պետքարտուղարին ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նկատմամբ՝ «Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումների լկտի արշավի պատճառով», հայտնում է Factor.am-ը։

«Ես շարունակում եմ խորապես մտահոգված լինել, որ Ադրբեջանը կարող է հետագա ռազմական գործողություններ ձեռնարկել՝ լրացուցիչ քաղաքական ձեռքբերումների հասնելու համար, մասնավորապես, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված։ Ես խստորեն խրախուսում եմ ձեզ՝ շարունակել աշխատել միջազգային գործընկերների և կազմակերպությունների հետ՝ աջակցելու Ալիևի վարչակարգի գործողությունները պատասխանատվության ենթարկելուն», գրել է Քարդինը պետքարտուղար Բլինքենին:

«Կարևոր է, որ Միացյալ Նահանգները շարունակի պահպանել իր պարտավորությունները՝ կանխելու վայրագությունները, պաշտպանելու խոցելի քաղաքացիներին և պատասխանատվության ենթարկելու նրանց, որոնք պատասխանատու են իրենց գործողությունների համար։ Մենք պետք է հստակ ուղերձ հղենք նրանց, ովքեր հավատում են, որ կարող են անպատիժ գործել»,- ասվում է նամակում։

Քարդինը նաև ցանկանում է իմանալ, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվել և արդյո՞ք նախատեսվում են հետևյալ քայլերը․ աջակցել ջանքերին՝ հիմնավորելու և հավաքելու ապացույցներ Ալիևի ռեժիմի կողմից ռազմական հանցագործությունների և այլ վայրագությունների հնարավոր կատարման վերաբերյալ, ադրբեջանցի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկել ցանկացած նման գործողությունների համար, ներառյալ՝ հնարավոր պատժամիջոցների և վիզային սահմանափակումների կիրառումը, միջազգային արդարադատության համապատասխան տրիբունալներին կոչ անել հետամուտ լինել Ադրբեջանի պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելուն, Ադրբեջանին հասկացնել, որ իր հարևանների դեմ ագրեսիան անընդունելի է, աջակցել 2023 թվականի սեպտեմբերի հարձակման ժամանակ տեղահանված հայերին։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտնում 2024–ի հունվարի 1–ից։

Photo. AP
 Ուշագրավ
---