Մոսկվայում քննարկվել է հայկական կաթնամթերքի մատակարարումը ՌԴ վերսկսելու հարցը

Մոսկվայում քննարկվել է հայկական կաթնամթերքի մատակարարումը ՌԴ վերսկսելու հարցը

PanARMENIAN.Net - Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում հանդիպել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանը և ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության դաշնային ծառայության ղեկավար Սերգեյ Դանկվերտը։ Բանակցություններն ընթացել են Հայաստանից արտահանվող բուսասանիտարական վերահսկման բեռների Ռուսաստան ներմուծելու գործընթացում վերջին մի քանի օրերին առաջացած խնդիրների շուրջ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում կաթնամթերք արտադրող ձեռնարկությունների արտադրանքի մատակարարումները Ռուսաստան վերսկսելու խնդիրը։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ վերահսկողական միջոցառումների մասին, որոնց ճշգրիտ ժամկետները կհստակեցվեն աշխատանքային կարգով։

Արմեն Հայրապետյանը նշել է, որ հետևողականորեն իրականացվում են վերահսկողական բոլոր համալիր միջոցառումները՝ կանխելու համար խախտումներով բեռների մատակարարումը Ռուսաստան։ Նա երաշխավորել է արտահանվող ապրանքների բուսասանիտարական հավաստագրման առավել թափանցիկությունն ու հուսալիությունը՝ ապահովելու համար մատակարարվող արտադրանքի հետագծելիությունն ու անվտանգությունը։

Սերգեյ Դանկվերտը վստահեցրել է, որ ՌԴ գերատեսչությունը միևնույն վերաբերմունք է դրսևորում Ռուսաստան մուտք գործող ցանկացած բուսական արտադրանքի մոնիթորինգի ժամանակ և համարժեք միջոցներ է ձեռնարկում յուրաքանչյուր հայտնաբերված խախտման համար՝ անկախ ուղարկող երկրից։

Կողմերը պայմանավորվել են բարելավել գերատեսչությունների միջև հաղորդակցությունը՝ ի հայտ եկած խնդիրները փորձագիտական մակարդակում հնարավորինս արագ լուծելու նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---