12 դեկտեմբերի 2023 - 10:30 AMT
ԵՄ-ն 50%-ով կընդլայնի առաքելությունը ՀՀ-ում

ԵՄ երկրների ԱԳ նախարարները որոշում են կայացրել 50 տոկոսով ավելացնելու Հայաստանում իրենց քաղաքացիական առաքելության կազմը՝ 138-ից հասցնելով 209-ի մարդու։ Այդ մասին ԵՄ ԱԳ նախարարների հանդիպումից հետո ասուլիսի ժամանակ հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը։

Նախարարները ոչ պաշտոնական հանդիպում են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որը հայտարարել է, որ «Հայաստանը կցանկանար հստակ առավելություն տեսնել ԵՄ հետ գործակցության ընդլայնումից», հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք պատրաստ ենք դրական պատասխան տալ։ Որպես ընդլայնված համագործակցության առաջին քայլ ԵՄ Խորհուրդը որոշում է կայացրել ընդլայնելու Հայաստանում տեղակայված քաղաքացիական առաքելությունը՝ հողի վրա մեր ներկայությունը 138–ից հասցնելով 209–ի։ Դա առաքելության կարևոր ավելացում է։ Դա կնպաստի Ադրբեջանի հետ Հայաստանի միջազգային սահմանի կայունությանը»,–ասել է Բորելը։

Ըստ նրա, «այժմ խաղաղության հասնելու տարածաշրջանում պատմական հնարավորություն կա և ԵՄ–ն մտադիր է աշխատել այդ ուղղությամբ Հայաստանի և Ադրբեջանի հետ»։

Դեկտեմբերի 11–ին Եվրամիության արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ արտգործնախարարների խորհրդի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը պահանջում է ԵՄ-ի վճռական աջակցությունը։