«Ազատություն»․ Ալիևի բացած նոր օդանավակայաններն ամայի են

«Ազատություն»․ Ալիևի բացած նոր օդանավակայաններն ամայի են

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ 44–օրյա պատերազմից հետո Արցախին հարակից շրջաններում կառուցված նոր օդանավականներն ամայության մեջ են:

2021 թվականի հոկտեմբերի 26-ին, երբ Ալիևն իր թուրք գործընկերոջ՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիսավոր բացեց Ֆիզուլիի միջազգային օդանավակայանը, այն լեփ-լեցուն էր լրագրողներով և ծառայողներով: Դրանից ի վեր նոր օդանավակայանը հիմնականում դատարկ է, հայտնում է «Ազատությունը»։

Օդանավակայանի կառուցման վրա բյուջեից 44 միլիոն դոլար էր ծախսվել։ Բացումից մեկ տարի անց Ադրբեջանը հայտնել է, որ այն շաբաթական մեկ թռիչք է սպասարկել։ Սակայն թռիչքների հետագծման կայքերը ցույց են տալիս, որ առնվազն այս տարի որևէ ինքնաթիռ այս օդանավակայան չի ժամանել կամ՝ մեկնել։

2022-ի հոկտեմբերին Ֆիզուլիից 70 կիլոմետր հյուսիս-արևելք՝ Զանգելանի մերձակայքում բացվեց ևս մեկ միջազգային օդանավակայան: Լաչինի մերձակա լեռներում էլ այժմ երրորդ օդանավակայանն է կառուցվում։

Օդանավակայանները շինարարական մեծ ծրագրի մի մասն են, որ Ադրբեջանը սկսել է 2020 թվականի 44-օրյա պատերազմից ու Ղարաբաղի նկատմամբ 2023-ի սեպտեմբերի հարձակումից հետո վերահսկողության տակ առած տարածքներում։

Բաքուն սա ներկայացնում է որպես «մեծ վերադարձ դեպի Ադրբեջանի ազատագրված տարածքներ», պնդելով, թե այն ծննդավայր վերադառնալու հնարավորություն կտա հարյուր հազարավոր ադրբեջանցիների, որ տեղահանվել էին Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ: Այդ տարածքները վերականգնելու համար 2023-ին բյուջեից ավելի քան 3 միլիարդ դոլար է տրամադրվել։

Ադրբեջանցի տնտեսագետ Թողրուլ Վելիևը, մինչդեռ, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանին ասել է, թե շինարարության լայնամասշտաբ այս ծրագրերն իրականում բյուջեից հեշտ ֆինանսավորում ստանալու աղբյուր են։

«Յուրաքանչյուր պետական գերատեսչություն փորձում է մի մաս պոկել միլիարդավոր դոլարներից», - ասել է Վալիևը։

2023 -ի հոկտեմբերի դրությամբ մոտ 2 հազար ադրբեջանցի է միայն վերադարձել նորոգվող շրջաններ։ Բաքուն հայտարարել է, որ մտադիր է մինչև 2027 թվականը այստեղ վերաբնակեցնել մոտ 150 հազար մարդու։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 40 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---