ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բրիտանական The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանի օրակարգում ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չկա։
Նա հավելել է, որ անվտանգային ոլորտում հարաբերությունները դիվերսիֆիկացնելու հայտարարությունը չի նշանակում, որ ՀՀ–ն անվտանգային ոլորտում պատրաստվում է հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ։
«Մենք չենք ասել, որ ժխտում ենք և մերժում ենք Ռուսաստանի հետ համագործակցությունն ընդհանարապես և անվտանգության ոլորտում մասնավորապես: Մենք ասել ենք, որ պատրաստվում ենք դիվերսիֆիկացնել անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները: Ի՞նչ է սա նշանակում, արդյոք սա նշանակում է, որ մենք անվտանգային ոլորտում պատրաստվում ենք մեր հարաբերությունները խզել Ռուսաստանի հետ: Ոչ, դա չի նշանակում, բայց դա նշանակում է, որ անվտանգության ոլորտում պատրաստվում ենք և պատրաստ ենք, և քննարկում ենք ու աշխատում հարաբերություններ հաստատել, օրինակ, Եվրամիության հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Ֆրանսիայի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Միացյալ նահանգների հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Իրանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, Հնդկաստանի հետ, որն արդեն իրողություն է մեծ հաշվով, և էլի բազմաթիվ երկրների հետ, որոնց հետ մենք քննարկում ենք: Նույն ԱՄՆ–ի, կամ Ֆրանսիայի, կամ Հնդկաստանի, կամ Եվրամիության հետ անվտանգային ոլորտում մեր հարաբերությունները բնականաբար ուղղված չեն Ռուսաստանի դեմ: Դրանք պարզապես այն արձանագրման իրողությունն են, որ նախկինում մեր ունեցած անվտանգային հարաբերությունները չեն հասցեագրում մեր անվտանգային կարիքները:
ՆԱՏՕ-ի հետ կապված մեր օրակարգում այդպիսի հարց չունենք: Այսինքն՝ մենք ՆԱՏՕ-ին անդամակցության հարց չենք քննարկել և չենք քննարկում: Մենք ՆԱՏՕ-ի հետ ունենք գործընկերային հարաբերություններ, և այդտեղ որևէ նորություն չկա: Նախկինում ունեինք Անհատական գործընկերության գործողությունների ծրագիր, հիմա վերաֆորմատավորվում է այդ ծրագիրը՝ կրկին համագործակցության որոշակի ձևաչափի, որը չի ենթադրում անդամակցություն: Ես Ձեզ մի բան ասեմ նաև, որ մենք նախ այսօր առնվազն դե յուրե Հավաքական անվտանգության պայմանագրի անդամ ենք, և ես վստահ չեմ, որ մեծ հաշվով կամ ավելի ճիշտ Հայաստանում այդ թեմայով կան քննարկումներ, թե բլոկային ռազմավարությունն ինչքանով է համապատասխանում Հայաստանի շահերին՝ ընդհանարապես երկարաժամկետ կտրվածքով»,–ասել է նա։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի հանրային ռադիոյի «Անվտանգային միջավայր» հաղորդման եթերում հայտարարել է, որ ՀՀ պաշտպանական ոլորտի հարաբերությունների 95-97 տոկոսը ՌԴ–ի հետ էր, հիմա այդպես չի կարող լինել։