Խաչատրյան. ՀՀ-ն զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ունի ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ

Խաչատրյան. ՀՀ-ն զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ունի ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի հետ

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության մշտական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանն ասել է, որ Հայաստանն ունի ռազմատեխնիկական փոխգործակցության, զենքի ձեռքբերման շատ լուրջ պայմանագրեր ոչ միայն Հնդկաստանի ու Ֆրանսիայի, այլև ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջնընթաց ունեցող այլ երկրների հետ, հայտնում է «Ազատությունը»։

Իշխանական պատգամավորը չակերտներ չի բացել, սակայն ընդգծել է՝ թեև պատերազմից հետո բավականին ծանր վիճակ էր՝ զենքի ձեռքբերման, ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում վակուում էր, բայց այս հարցը «զարմանալիորեն կարճ ժամանակահատվածում լուծում ստացավ»։

«Ամեն դեպքում, մենք այսօր ունենք լուրջ պայմանագրեր ռազմատեխնիկական փոխհամագործակցության, զենքի ձեռքբերման, ինչպես արդեն հայտնի է, Հնդկատանի, Ֆրանսիայի հետ և պետք է ասենք, որ մեծ տերություններ հանդիսացող և ռազմատեխնիկական ոլորտում լուրջ առաջընթաց ունեցող երկրների հետ ևս ունենք պայմանագրեր։ Իհարկե այդ մասին չենք խոսելու, չենք ասելու, բայց միայն Ֆրանսիան և Հնդկաստանը չեն», - ասել է իշխանական պատգամավորը։

Նա շեշտել է, որ «վերջին մեկ-երկու տարում ավելի մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, որի արդյունքները շատ մոտ ապագայում կտեսնենք»։

Խաչատրյանը նաև ընդգծել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ էլ լուրջ ռազմատեխնիկական փոխհամագործակցության պայմանագրեր ունի և պարտավորություններ կան, որ Ռուսաստանը մասաբ կատարել է, բայց դեռ պետք է նաև կատարի։

«Մենք ձեռք ենք բերում այնպիսի զինատեսակներ, որոնք կարելի է համարել գերժամանակակից՝ գոնե չորրորդ-հինգերորդ սերնդի զենք ենք ձեռքբերում։ Մենք օգտագործած զենք ձեռք չենք բերելու։ Այսինքն՝ ուսումնասիրելով ժամանակակից պատերազմների մարտավարությունը՝ մենք նաև լուրջ վերլուծություներ ունենք, ինչպես նաև 44-օրյա պատերազմի դառը փորձից ելնելով, մենք արդեն գիտենք, թե ինչպիսի զինատեսակներ են պետք, և այն երկրները, որոնք ունեն այդ զինատեսակները և պատրատ են մեզ վաճառել այդ զինատեսակները, մենք, միանշանակ, համագործակցում ենք այդ երկրների հետ», - ասել է պատգամավորը։

Օրերս պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ Հայաստանն ունի առաջընթաց և հաջողություններ զենքի ձեռքբերման դիվերսիֆիկացիայի հարցում։ «Ֆրանսիան և Հնդկաստանը դարձել են մեր հիմնական գործընկերները, բայց նաև կան այլ երկրներ, որոնց չեմ ուզենա անդրադառնալ», - ասել էր նախարարը։

 Ուշագրավ
---