Փոխքաղաքապետը՝ Նոր Նորքում քանդման ենթակա տների մասին․ Տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա

Փոխքաղաքապետը՝ Նոր Նորքում քանդման ենթակա տների մասին․ Տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանն, անդրադառնալով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցի անօրինական շինությունների քանդմանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն։

Նա նաև ասել է, որ տեղյակ են, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա:

«Սիրելի երևանցիներ, կարծում ենք՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ քաղաքային իշխանությունները վարում են համայնքային զավթած տարածքները երևանցիներին վերադարձնելու քաղաքականություն: Մեզ համար համայնքային և երևանցու շահը գերիշխող է, և այդ ճանապարհից շեղումներ չեն լինելու, հատկապես, որ ազատված տարածքներում նախատեսում ենք կանաչապատման ծավալուն աշխատանքներ իրականացնել:

Այդ համատեքստում Երևանի քաղաքապետի համապատասխան որոշումներով Նոր Նորք վարչական շրջանի Լվովյան փողոցում անօրինական տիրապետումից ազատվում են համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և դրանցում առկա անօրինական շինությունները: Նաև տեղյակ ենք, որ հասցեներից մեկում փաստացի բնակվող ընտանիք կա: Համայնքը քննարկումների արդյունքում կդիտարկի տվյալ ընտանիքին ժամանակավոր կացարանով ապահովելու հնարավորությունը: Մյուս բոլոր այն քաղաքացիները, ովքեր դիմում են տեղում գտնվող ոլորտի պատասխանատուներին՝ շինությունների գույքը հանելու խնդրանքով՝ պատրաստակամ ենք աջակցել գործընթացին»,–գրել է նա:

Երևանի Նոր Նորք վարչական շրջանում` Թաթուլ Կրպեյանի անվան այգու ու «Վալենսիա» ռեստորանային համալիրի միջև ընկած հատվածում ինքնակամ կառուցված 8 բնակելի տների բնակիչները փետրվարի 29–ին բողոքի ցույցի էին դուրս եկել, քանի որ Երևանի քաղաքապետարանն այդ տները քանդելու որոշում է կայացրել։ Ցուցարարների և ոստիկանների միջև հրմշտոց է տեղի ունեցել։

Նոր նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր–Մարգարյանը լրագրողների հետ զրույցում նշել էր, որ քանդման աշխատանքներ սկսելու որոշումն ինքը չի կայացրել, դա արել է Երևանի քաղաքապետարանը։ Նրա խոսքով` բնակիչները ժամանակին հանդիպել են Տիգրան Ավինյանին, երբ նա դեռ Երևանի քաղաքապետի թեկնածու էր։ Ավինյանն էլ է ասել, որ հնարավոր չէ տարածքները սեփականաշնորհել։

 Ուշագրավ
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
---