ԱԺ նախագահ. ՀՀ-ն պետք է մտածի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին

ԱԺ նախագահ. ՀՀ-ն պետք է մտածի ԵՄ-ին անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին

PanARMENIAN.Net - Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ Հայաստանը պետք է մտածի Եվրամիությանն անդամակցելու թեկնածու դառնալու հնարավորության մասին:

Նա նաև ասել է, որ Հայաստանի իշխանությունները երբեք չեն քննարկել ՆԱՏՕ-ին միանալու հնարավորությունը, հայտնում է «Ազատությունը»։

«Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, մենք քննարկում ենք՝ ինչ անենք, որ նվազեցնենք վտանգները։ Մենք պատրաստ ենք ու շարժվելու ենք էն ուղղությամբ, որը որ մեզ առավել անվտանգություն կապահովի, և այսօր ժողովրդավարությունը, ժողովրդավար երկիր լինելը, մեր անվտանգային, կարելի է ասել, ամենամեծ համակարգն է», - ասել է Սիմոնյանը՝ շեշտելով մեր անվտանգությունը ժողովրդավար երկիր լինելն է։

«Որոշում է վաղուց կայացված Հայաստանի Հանրապետության պաշտպանության համար որևիցե միջոց չխնայել, բայց ինչ-որ վեկտոր փոխելու կամ նման քննարկում տեղի չի ունեցել։ Մենք չենք քննարկում վեկտոր փոխելու հարց, մենք քննարկում ենք՝ ինչ անենք, որ նվազեցնենք վտանգները, որոնք Հայաստանի Հանրապետությանը կարող են սպառնալ», - նշել է նա։

Հարց է հնչել, թե սա չի՞ նշանակում, որ արտաքին քաղաքական վեկտոր է փոխվում, ինչո՞ւ են հերքում դա։

ԱԺ խոսնակնը պատասխանել է․ «Որովհետև չեմ ուզում շտապել, երկրորդը՝ չեմ ուզում, որ ստացվի, որ միակողմանի ինչ-որ քայլ է արվում, և կարելի է ասել՝ մեր գործողությունները ցույց են տալիս, որ մենք մեր նույնիսկ ցուցանիշներով շատ ավելի ցածր ցուցանիշներ ունենք ժողովրդավարության, քան մեր շատ գործընկեր երկրներ, որոնք արդեն Եվրամիության անդամ են, և դա չենք ասում մենք, ասում են Եվրամիության մեր գործընկերները բանաձևերով և այլն։ Ես կարծում եմ, որ այդ ուղղությամբ մենք պետք է մտածենք, բայց նորից ես չեմ ուզում շտապել, քայլ անել, որովհետև պետության պարագայում կտրուկ շարժումներ անելը լավ չէ»։

ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշում, ամեն դեպքում, ԱԺ նախագահի խոսքով, կայացված չէ։

Հարցին, թե այդ դեպքում ինչո՞ւ վարչապետը չի բացառում դա, և արդյոք դա կարող է խնդիրներ ստեղծել Ռուսաստանի հետ, Ալեն Սիմոնյանն արձագանքել է․ «Չգիտեմ՝ արդեն ինչ խնդիր պետք է ստեղծի, հարձակվի՞ մեզ վրա, սանկցիաներ կիրառի՞, արդեն ի՞նչ պետք է անի, մենք պաշտպանության կարիք ունեինք՝ թե Լեռնային Ղարաբաղի մասին եմ խոսում, թե ՀՀ ինքնիշխան տարածքի մասին, բայց մեկ տասնյակից ավելի դրվագներով ակնհայտ դարձավ, որ մեր դաշնակիցը մեզ չի օգնում, չեն էլ ասում, որ չեն օգնելու, ասում են՝ դե լավ, տեսնենք, մտածենք, հասկանանք, բայց մեր երկիրն ու մեր մարդիկ անսահման ու անծայրածիր չեն, և մենք այդքան ռեսուրս չունենք, որպեսզի մեր երեխաների, մեր տղաների և մեր երկրի սահմանների հաշվին սպասենք, թե մեզ մեր դաշնակիցը, որը դաշնակից է թե ՀԱՊԿ-ով, թե ուղիղ պայմանագրով, երբ է օգնելու։ Գցում են իրենց վրայից (դաշնակցական) պարտավորությունները»։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Փարիզում հայտարարել էր՝ ՀԱՊԿ-ին անդամակցությունն, ըստ էության, սառեցված է: Նա կրկին քննադատել էր Ռուսաստանի առաջնորդած ռազմական դաշինքը պայմանագրային պարտավորությունները չկատարելու համար:

Մեկնաբանելով ընդդիմության մտահոգությունները, որ այլընտրանքները ՀԱՊԿ-ին, 102-րդ ռազմաբազային, սահմանապահներին բավարար չեն՝ Ալեն Սիմոնյանն ընդգծել է՝ իշխանությունները ևս մտահոգված են, սակայն իրենց համար ակնհայտ է, որ այս անվտանգային համակարգը չի գործում։

«Որևիցե մեկը ռազմաբազայի մասին չի խոսում: Հիմա մենք փորձում ենք զենք գնել բոլոր հնարավոր տեղերից՝ մեր պետությունը պաշտպանելու համար։ Հիմա եթե դա ինչ-որ մի անվտանգային համակարգին խանգարում է, դա իրենց խնդիրն է։ Իրենք իրենց պարտավորությունները, ակնհայտ է, որ չեն կատարում»,-ասել է նա։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---