Քոչարյան. Երևանից են առաջարկում Տավուշում ցույցեր անել

Քոչարյան. Երևանից են առաջարկում Տավուշում ցույցեր անել

PanARMENIAN.Net - ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն ԱԺ ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով հարցին, որ Տավուշի մարզի բնակիչները պատրաստվում են ցույցեր անել՝ բողոքելով 4 գյուղ հանձնելու որոշման դեմ, ասել է, որ նման առաջարկները Երևանից են լսվում։

«Ոչ թե Տավուշում պատրաստվում են ցույցեր անել, այլ Երևանից առաջարկում են ցույցեր անել»,- ասել է Անդրանիկ Քոչարյանը, գրում է «Առավոտը»։

Գյուղերի բնակիչների անվտանգության հարցին անդրադառնալով՝ Անդրանիկ Քոչարյանն ասել է, որ հարկ եղած դեպքում պետությունը բոլոր անվտանգային միջոցառումները կիրականացնի։

«Հիմա այս հարցը որտեղից է առաջացել ձեզ մոտ, այդ վախը ո՞վ է դրել ձեր մեջ»,- ասել է Քոչարյանը։

ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն էլ ասել է․ «Մենք սահմանազատում ենք Բաղանիս, Ոսկեպար, Կիրանց եւ Բերքաբեր գյուղերի դիմացի սահմանները։ Ես հասկանում եմ, որ, այո, տվյալ գյուղերի բնակիչները կարող են ունենալ և պետք է ունենան մտավախություններ, միգուցե վախեր։ Մենք՝ որպես Ազգային ժողով, կառավարություն, իշխանություն, ամեն բան անելու ենք՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար, նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու համար, եթե այդպիսիք ի հայտ գան»։

Մարտի 7-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած հանդիպումից հետո՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի մամուլի ծառայությունը հաղորդագրություն տարածեց ՀՀ 4 գյուղերը՝ Բաղանիս Այրումը, Աշաղի Ասքիպարան, Խեյրիմլին և Գըզըլգաջիլին անհապաղ իրենց հանձնելու վերաբերյալ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշի մարզի Ոսկեպար գյուղի բնակիչների հետ հանդիպմանն ասել է, որ եթե հայկական կողմը հրաժարվի Ադրբեջանի հետ քննարկել սահմանազատման և սահմանագծման հարցերը, հնարավոր է, մինչև շաբաթվա վերջ պատերազմ լինի։

«Մենք հիմա կարանք տեղից դուրս գանք, գնանք՝ ասենք չէ, չկա, էն էլ չկա, էս էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Հետո, ես գիտեմ, թե վերջում ինչ է լինելու, հետո որ մի տեղ Երևանում իրար տեսնենք, դուք ասելու եք՝ մենք գյուղացի ժողովուրդ ենք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա մենք շատ էլ որ ասում էինք, դու էդքան տեղեկություն ունեիր, բա դու ի՞նչ էիր ասում»,–ասել է նա։

 Ուշագրավ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա
Նշվում է, որ հատկապես վերջին օրերին տարածված կեղծիքին պետք է պատասխանել
Ըստ ադրբեջանական ԶԼՄ–ների, «համարժեք պատասխան միջոցներ են ձեռնարկվել»
Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս
---