Բաղանիսի և Ոսկեպարի վարչական ղեկավարները, վերադառնալով Երևանից Տավուշ, հանդիպել են բնակիչների հետ։ Նրանք դժգոհ են փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ղեկավար Մհեր Գրիգորյանի հետ ապրիլի 22–ին կառավարությունում ունեցած հանդիպումից, հայտնում է «Ազատությունը»։
Նրանք ասել են, որ նշվել է` կոնկրետ Բաղանիս Այրումի հատվածում սահմանի փոփոխություններ կլինեն արդեն ապրիլի 23–ից սկսած։
Նրանց փոխանցմամբ՝ արդեն իսկ կտեղադրվեն հատուկ նշաններ:
Վարչական ղեկավարները նաև հայտարարել են, որ իրենց հորդորել են հանդարտեցնել մարդկանց, սակայն ասում են, որ իրենք ևս բավականին զայրացած են դուրս եկել փոխվարչապետի հետ հանդիպումից։
Այս պահին նրանք քննարկում են հետագա անելիքները, ամենայն հավանականությամբ` բողոքի ակցիաներն ապրիլի 23–ին կշարունակվեն:
Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ Բաղանիս-Ոսկեպար հատվածում այսօր նախատեսվում է սահմանազատման հետ կապված աշխատանքների իրականացում՝ նշելով, որ Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն ապրիլի 23–ին չի նախատեսվում:
Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։
Արդեն ապրիլի 22–ին Տավուշում ականազերծման աշխատանքներ են ընթացել։ Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում պայթեցման աշխատանքների մասին։