ԵԱՀԿ նախագահը՝ ՄԽ–ն լուծարելու Ալիևի պնդման մասին․ Պետք է հաշվի առնել բոլոր անդամ պետությունների տեսակետները

ԵԱՀԿ նախագահը՝ ՄԽ–ն լուծարելու Ալիևի պնդման մասին․ Պետք է հաշվի առնել բոլոր անդամ պետությունների տեսակետները

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգը, որը մայիսի 13-15-ն այցելել էր Հայաստան, Վրաստան և Ադրբեջան, անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի և կապակցված բոլոր ինստիտուտների լուծարման անհրաժեշտության մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, ասել է, որ հաշվի են առնում մասնակից երկրների կարծիքները։ Այդ մասին նա ասել է ադրբեջանական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։

«Որպես ԵԱՀԿ նախագահ՝ մենք պետք է հաշվի առնենք բոլոր մասնակից պետությունների տեսակետները։ Սա է կոնսենսուսի վրա հիմնված կազմակերպության էությունը: Դա վերաբերում է նաև Հարավային Կովկասում ԵԱՀԿ կառույցներին, այդ կառույցների մանդատներին, դրանց փակմանը կամ վերափոխմանը։ Ինձ համար կարևոր է նպաստել, որպեսզի մեր կազմակերպությունը տեղում արդյունքի հասնի, հատկապես՝ առավել խոցելի խմբերի համար»,- նշել է նա, հայտնում է Factor.am-ը։

Ըստ Բորգի՝ իր այցերը Երևան և Բաքու հիմնված էին երկու ասպեկտների վրա. մի կողմից՝ մտքեր են փոխանակել ԵԱՀԿ-ի առջև ծառացած մարտահրավերների վերաբերյալ, մյուս կողմից՝ լսել են կողմերի դիրքորոշումները՝ տեղեկանալու ընթացող բանակցությունների, խաղաղության հեռանկարների, անվտանգության ու հումանիտար տարբեր մտահոգությունների մասին։

«Ես հասկացրեցի, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև կայուն և համապարփակ խաղաղության հասնելը բխում է բոլորիս շահերից և մնում է ԵԱՀԿ-ի առաջնահերթությունը: Երկու մայրաքաղաքներում քննարկումներից հետո իմ եզրակացությունն այն է, որ առաջընթաց է գրանցվել, և ես լավատես եմ, որ համապարփակ համաձայնություն ձեռք կբերվի։ Նման գործընթացները բարդ են և ժամանակ են պահանջում: Մենք չպետք է անտեղի ճնշում գործադրենք բանակցողների վրա՝ ժամկետներ պարտադրելով։ Կարևորը պայմանագրի որակն ու երկարակեցությունն է: Խաղաղության և անվտանգության հասնելու համար մեզ անհրաժեշտ է պրագմատիզմ, իրատեսություն և իրական քաղաքական կամք»,- ասել է ԵԱՀԿ գործող նախագահը։

Բորգը նաև ողջունել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացում առաջընթացը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար Յան Բորգի հետ Բաքվում մայիսի 14–ին կայացած հանդիպմանը հայտարարել էր, թե ՄԽ-ն պետք է չեղարկել, քանի որ այն վերջին 30 տարում «չի նպաստել հակամարտության լուծմանը» և որ Ադրբեջանն իր ուժերով է դա արել»։

 Ուշագրավ
«Մնացած չլուծված հարցերի շուրջ, կարծում եմ, հեշտությամբ կարելի է պայմանավորվել»,- ասել է
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
---