Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են

Լոռու մարզպետի աշխատակազմ․ Լուրերը, թե աղետի պատճառը «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումն է, կեղծ են

PanARMENIAN.Net - Լոռու մարզպետի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ սոցցանցերում և որոշ լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկատվությունը, թե աղետի պատճառ է հանդիսացել «ՁորաՀԷԿ»-ի ջրընդունիչից ջրի բացթողումը, կեղծ է և չի համապատասխանում իրականությանը:

Ինչ վերբերում է Լոռու մարզպետի աշխատակազմի ֆեյսբուքյան էջում ապրիլի 19-ին հրապարակված հայտարարությանը, ապա նշվում է, որ նման նախազգուշացումներ «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ-ի կողմից արվում են յուրաքանչյուր տարի՝ հորդորելով ափամերձ վայրերում բնակվող քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել գետի վարարման ժամանակահատվածում:

«Կեղծ լուրերը շրջանառող օգտատերերին և լրատվամիջոցներին հորդորում ենք զերծ մնալ չհիմնավորված տեղեկատվության տարածումից և ստեղծված իրավիճակում չառաջացնել ավելորդ խուճապային տրամադրություններ»,–ասվում է հայտարարության մեջ։

Հարցի վերաբերյալ պարզաբանմամբ հանդես է եկել «Ձորագետ Հիդրո» ՍՊԸ գլխավոր ինժեներ Արա Հակոբյանը:

«Հեղեղի ընթացքում ՁորաՀԷԿ-ը աշխատել է և այսօր էլ շարունակում է աշխատել բնականոն ռեժիմով, ընդ որում առավելագույն ծանրաբեռնվածությամբ։ Մայիսի 26-ին, ինչպես նաև նախորդող օրերին էլեկտրաէներգետիկական համակարգը գործել է բնականոն ռեժիմով, խափանումներ չեն գրանցվել։

Մայիս ամսին, ներառյալ մայիսի 26-ը, ՁորաՀԷԿ-ի շահագործումն իրականացվել է առանց ընդհատումների, ինչը նշանակում է, որ վթարային ջրբացթողումներ չեն եղել։

Նշեմ նաև, որ ՁորաՀԷԿ-ի օրական կարգավորման ջրամբարի տարողությունը տվյալ ժամանակահատվածում կազմել է մոտ 20 հազար խմ, ինչն անհամադրելի է գետի վարարած հունով հոսող ջրի ծավալի հետ և որևէ ազդեցություն չէր կարող ունենալ նման մասշտաբի տարերային աղետի վրա»,–ասել է Հակոբյանը։

Մայիսի 26–ի հորդառատ անձրևներից հեղեղումների և Դեբեդ գետի վարարման հետևանքով կա 4 զոհ, որոշ բնակավայրերի հետ կապ չկա։ Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---