Նոր 911 Carrera GTS և 911 Carrera. T-Hybrid՝ զգալիորեն բարելավված արդյունավետության համար

Նոր 911 Carrera GTS և 911 Carrera. T-Hybrid՝ զգալիորեն բարելավված արդյունավետության համար

PanARMENIAN.Net - Porsche-ն հիմնովին արդիականացրել է 911 սպորտային մեքենան: Նոր 911 Carrera GTS-ն առաջին ճանապարհային 911-ն է, որ համալրված է գերթեթև հիբրիդային համակարգով: Նորարարական, նոր մշակված՝ 3.6 լիտր աշխատանքային ծավալով ուժային համակարգն ապահովում է զգալիորեն բարելավված արտադրողականություն: 911 Carrera GTS Coupé-ի արագացումը զրոյից մինչև 100 կմ/ժ տեղի է ունենում 3.0 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը հասնում է 312 կմ/ժ-ի: 911 Carrera-ն նույնպես հասանելի կլինի անմիջապես նոր մոդելի թողարկման պահից: Այն համալրված է թեթևակի ձևափոխված 3.0 լիտրանոց օպոզիտ կրկնակի տուրբո շարժիչով, որն ավելի հզոր է, քան նախորդ մոդելինը: Նոր 911-ը նաև ունի վերափոխված դիզայն, բարելավված աերոդինամիկա, սրահի թարմացված ինտերիեր, արդիականացված ստանդարտ սարքավորումներ և կապի միջոցների ընդլայնված հնարավորություններ:

Իր հայտնի մոդելի վերաթողարկմամբ Porsche-ն ընդամենը մի քանի ամսում արդիականացրել է իր վեց մոդելային շարքերից չորսը՝ Panamera, Taycan, Macan և 911: «Մեր արտադրանքի տեսականին շատ ավելի նոր է, քան երբևէ, և չափազանց գրավիչ», - նշել է գլխավոր տնօրեն Օլիվեր Բլումեն:

Ոգեշնչված ավտոսպորտից. նորարարական հիբրիդ՝ արդյունավետության բարձր ցուցանիշներով

Նոր 911 Carrera GTS մոդելների համար Porsche-ի ինժեներները հիբրիդային համակարգի նախագծման հիմքում դրել են ավտոմրցարշավներից ձեռք բերված գիտելիքները:

«Մենք մշակեցինք և փորձարկեցինք բազմաթիվ գաղափարներ ու մոտեցումներ՝ հասնելու այն հիբրիդային համակարգին, որը կատարելապես կհամապատասխանի 911-ին: Արդյունքը եզակի շարժիչ է, որը համապատասխանում է 911-ի ընդհանուր հայեցակարգին և զգալիորեն բարելավում է նրա արտադրողականությունը», - ասել է Ֆրանկ Մոզերը՝ 911 և 718 մոդելային շարքերի գծով փոխնախագահը:

Թեթև և հզոր T-Hybrid համակարգն ունի արտանետման գազերի նոր մշակված էլեկտրական տուրբոմղիչ։ Ինտեգրված էլեկտրական շարժիչը, որ տեղադրված է կոմպրեսորի և տուրբինային անվի միջև, անմիջապես ավելացնում է տուրբոմղիչի արագությունը:

Ուժային համակարգը ներառում է նաև անփոփոխ մագնիսական սինխրոն շարժիչ, որն ինտեգրված է նոր, ավելի հզոր 8-աստիճան, կրկնակի կցորդմամբ փոխանցման տուփի (PDK) մեջ: Նույնիսկ պարապ ընթացքի ժամանակ այն աջակցում է օպոզիտ շարժիչին՝ հավելյալ ապահովելով մինչև 150 Նմ լրացուցիչ ոլորող մոմենտ և մինչև 40 կՎտ հզորության ավելացում: Porsche-ն երկու էլեկտրական շարժիչները համադրում է թեթև և կոմպակտ բարձրավոլտ մարտկոցի հետ: Այն չափսով և քաշով համապատասխանում է սովորական 12 վոլտանոց մեկնարկիչ մարտկոցին, սակայն պահեստավորում է մինչև 1․9 կՎտ ժ էներգիա և աշխատում է 400 Վ լարման տակ:

Ընդհանուր քաշի օպտիմալացման նպատակով Porsche-ն տեղադրել է թեթև լիթիում-իոնային մարտկոց 12 վոլտանոց էլեկտրահամակարգի համար:

T-Hybrid շարժիչի սիրտը նորաստեղծ 3.6 լիտրանոց օպոզիտային շարժիչն է։ Բարձրավորլտ համակարգը թույլ է տալիս օդորակիչի կոմպրեսորը շահագործել էլեկտրականության միջոցով, ինչի արդյունքում կարելի է հրաժարվել փոկային շարժաբերից․ սա շարժիչը դարձնում է ավելի կոմպակտ։ Դրա շնորհիվ ուժային բլոկի վերևում ստեղծվում է տարածք իմպուլսային ինվերտորի և հաստատուն հոսանքի կերպափոխիչի համար։ Մխոցի տրամագծի մեծացումը մինչև 97 մմ և շարժման մեծացված երկարությունը մինչև 81 մմ ավելացնում են աշխատանքային ծավալը 0.6 լիտրով՝ նախորդ մոդելի համեմատ։ Շարժիչն ունի VarioCam բաշխիչ լիսեռի կառավարման համակարգ և փականների կարգավորման համակարգ՝ ճոճալծակներով:

Նույնիսկ առանց էլեկտրական օժանդակության օպոզիտային շարժիչն արտադրում է 357 կՎտ (485 ձիաուժ) հզորություն և 570 Նմ ոլորող մոմենտ: Ընդհանուր առմամբ, համակարգի ընդհանուր հզորությունը կազմում է 398 կՎտ (541 ձիաուժ) և 610 Նմ: Հզորությունը նախորդ մոդելի համեմատ ավելացել է 45 կՎտ-ով (61 ձիաուժ): Նոր 911 Carrera GTS-ը գերազանցում է իր նախորդ մոդելին նաև 0-ից 100 կմ/ժ արագացման ցուցանիշով, հատկապես՝ մեկնարկի պահին: Արդյունավետ բնութագրերով հիբրիդային համակարգն ապահովում է դինամիկ վարման բարձր ցուցանիշներ, միաժամանակ նվազեցնում է CO2 արտանետումները՝ էականորեն պակաս լրացուցիչ քաշով, քան միացվող (plug-in) հիբրիդային ավտոմեքենաներինը: Քաշի ավելացումը նախորդ մոդելի համեմատ ընդամենը 50 կգ է:

911 Carrera-ն դեռևս համալրված է 3.0 լիտրանոց կրկնակի տուրբո օպոզիտային շարժիչով: Այս շարժիչը նույնպես ամբողջությամբ վերափոխվել է: Ի թիվս այլ բաների՝ այն այժմ ունի Turbo մոդելների ինտերկուլերը: Նոր 911 Carrera-ի տուրբոմղիչները նախորդ մոդելում նախատեսված էին GTS մոդելների համար: Այս փոփոխություններով Porsche-ն միաժամանակ հասնում է արտանետումների նվազեցման և հզորության բարձրացման մինչև 290 կՎտ (394 ձիաուժ), ինչպես նաև 450 Նմ առավելագույն ոլորող մոմենտի: Նոր 911 Carrera Coupé-ի արագացումը 0-ից 100 կմ/ժ տեղի է ունենում 4.1 վայրկյանում (3.9 վայրկյան Sport Chrono փաթեթով), իսկ առավելագույն արագությունը կազմում է 294 կմ/ժ: Նախորդ մոդելի համեմատ սա բարելավում է՝ համապատասխանաբար 0.1 վայրկյանով և 1 կմ/ժ-ով:

Օպտիմալացված կախոց և ակտիվ աերոդինամիկա

911 Carrera GTS-ի կախոցը նույնպես ամբողջությամբ փոփոխվել է: Առաջին անգամ այժմ ստանդարտ համալրման մեջ ներառված է հետևի քարշակ համակարգը: Այն բարձրացնում է կայունությունը բարձր արագությունների դեպքում և նվազեցնում է շրջադարձի շառավիղը: Porsche ընկերությունը ինտեգրել է Porsche Dynamic Chassis Control (PDCC) կողաթեքման զսպման համակարգը բարձր արդյունավետությամբ հիբրիդի բարձրավոլտ համակարգում: Սա հնարավորություն է տալիս օգտագործելու էլեկտրահիդրավլիկ կառավարման համակարգը, ինչը համակարգն ավելի ճկուն և ճշգրիտ է դարձնում: Ցնցամեղմիչների կոշտության կարգավորման Porsche (PASM) համակարգով սպորտային կախոցը և 10 մմ-ով նվազեցված գետնահեռությունն ապահովում են GTS-ին բնորոշ կառավարելիություն։

Նոր 911-ի համար հասանելի է ընդհանուր առմամբ յոթ տարբեր դիզայնով 19-/20 դյույմանոց կամ 20-/21 դյույմանոց անվասկավառակ: Առաջին անգամ 911 Carrera-ի համար հասանելի են Exclusive Design անվասկավառակներ՝ կարբոնե անվաճաղերով, որոնք նվազեցնում են դիմադրության գործակիցը և, հետևաբար, բարձրացնում են արդյունավետությունը: 911 Carrera GTS մոդելների ստանդարտ համալրման կազմում կան 21 դյույմանոց անվասկավառակներ՝ 11.5 դյույմ լայնությամբ և 315/30 ZR 21 անվադողերով՝ հետևի մասում: Առջևի մասում տեղադրված են 245/35 ZR 20 անվադողեր՝ 8.5 դյույմ լայնությամբ 20 դյույմանոց անվասկավառակների վրա:

Սպորտային, սլացիկ արտաքին տեսք

Porsche-ն օպտիմալացրել է 911-ի արտաքին դիզայնը՝ կատարելով նպատակային թարմացումներ: Այս միջոցառումների մեծ մասը բարելավում է սպորտային մեքենայի աերոդինամիկան և արդյունավետությունը: Փոփոխությունները ներառում են նոր, մոդելին հատուկ թափարգելներ: Այժմ առաջին անգամ Porsche-ն 911-ի համար բոլոր լուսային ֆունկցիաներն ինտեգրել է ստանդարտ մատրիցային LED լուսարձակների մեջ՝ իրենց բնորոշ չորս կետանոց գրաֆիկայով: Սա հնարավորություն է՝ հեռացնելու առջևի լույսերը և մեքենայի առջևում ստեղծելու տարածք հովացման ավելի մեծ անցքերի համար:

911 Carrera GTS մոդելների առջևի մասում կան հինգ ուղղահայաց դասավորված ակտիվ հովացման օդային փականներ, որոնք տեսանելի են դրսից, և մեկ այլ թաքնված փական՝ յուրաքանչյուր կողմում շրջանցումը փակելու համար: Առաջին անգամ 911-ի ներքևի մասում դրանք համալրվում են ադապտիվ առջևի դիֆուզորներով, որոնք կառավարվում են հովացման օդային փականների հետ միասին:

Որպես օպցիա Porsche-ն առաջարկում է նոր լուսարձակներ՝ HD մատրիցային LED ֆունկցիայով, որն ունի ավելի քան 32,000 լուսային կետ: Բարձր արդյունավետությամբ լուսարձակները լուսավորում են ճանապարհն ավելի քան 600 մետր հեռավորության վրա: Առաջարկվում են նորարարական լրացուցիչ ֆունկցիաներ, ինչպիսիք են՝ շրջադարձերի ժամանակ վարման ռեժիմից կախված դինամիկ լուսավորությունը, երթևեկելի գոտու լուսավորումը, շինարարական հրապարակի և խցանումների լուսավորությունը, ինչպես նաև բարձր ճշգրտությամբ, չշլացնող հեռահար լույսը:

Նոր դիզայնով լուսագիծը՝ ներկառուցված աղեղով և Porcshe տարբերանշանով, ավելի խորը և լայն տեսք է հաղորդում 911-ի հետնամասին։ Յուրաքանչյուր կողմում հինգ թիթեղով հետևի ցանցը միանում է հետևի պատուհանին՝ ձևավորելով գրաֆիկական միավոր, որը ներքևում սահուն կերպով անցում է կատարում արտաշարժվող սպոյլերին։ Համարանիշը տեղադրված է ավելի բարձր դիրքով՝ հստակ կառուցվածքով հետևի թափարգելի վրա։ Մոդելին բնորոշ արտանետման համակարգերը նուրբ կերպով ներկառուցված են դիֆուզորի թիթեղների մեջ։ 911 Carrera մոդելների համար որպես օպցիա հասանելի է սպորտային արտանետման համակարգը։ 911 Carrera GTS մոդելները ստանդարտ կերպով համալրված են GTS-ին բնորոշ սպորտային արտանետման համակարգով։

Ավտոմեքենայի արտադրողականությունը բարելավելու համար հասանելի է օպցիոնալ աերոդինամիկ որակները բարելավող հավաքակազմ 911 Coupé-ի համար:

Ամբողջովին թվային կառավարման վահանակ և կապի միջոցների ընդլայնված հնարավորություններ

Կուպե տարբերակներում Porsche ընկերությունը նոր 911-ը ստանդարտ կերպով նախագծել է որպես երկտեղանի ավտոմեքենա։ 2+2 նստատեղի կոնֆիգուրացիան հասանելի է որպես օպցիա՝ առանց լրացուցիչ վճարի։ Կառավարման վահանակում Porche-ն 911-ի ծանոթ դիզայնի ԴՆԹ-ն համատեղում է ժամանակակից տեխնոլոգիայի հետ. Porsche Driver Experience կառավարման հայեցակարգը կենտրոնացած է վարորդի շուրջ և ինտուիտիվ, ավելի արագ կառավարման վրա։ Կառավարման կարևոր տարրերը գտնվում են անմիջապես ղեկի վրա կամ դրա շուրջը։ Դրանք ներառում են ստանդարտ վարման ռեժիմի փոխարկիչը, վարորդին օժանդակող վերանայված լծակը և բնականաբար, առաջին անգամ 911-ում, շարժիչի գործարկման կոճակը՝ ղեկի ձախ կողմում։ Նոր 911-ի կենտրոնական վահանակի պահեստային մասում սմարթֆոնների համար կա հովացման բաժին՝ ինդուկտիվ լիցքավորման գործառույթով։

Առաջին անգամ 911-ն ունի ցուցիչների՝ ամբողջությամբ թվային վահանակ։ 12.6 դյույմանոց կոր էկրանը կատարելապես համապատասխանում է կառավարման և ցուցադրման նոր հայեցակարգին, և կարող է լայնորեն անհատականացվել։ Այն առաջարկում է ցուցադրման յոթ ռեժիմ՝ ներառյալ բացառիկ Classic ռեժիմը, որը ստեղծված է՝ ոգեշնչված Porsche-ի ավանդական թվատախտակի դիզայնով՝ յոթ խողովակներով և կենտրոնական տախոմետրով։

Porsche Communication Management (PCM) համակարգը դեռևս կառավարվում է 10.9 դյույմանոց էկրանով՝ բարձր կետայնությամբ կենտրոնական դիսփլեյի միջոցով: Այնուամենայնիվ, վարման ռեժիմների կարգավորման հնարավորությունները և վարորդին օժանդակող համակարգերի աշխատանքը զգալիորեն բարելավվել են: Արդիականացված 911-ը նաև ունի կապի միջոցների նոր հնարավորություններ: QR կոդը զգալիորեն պարզեցնում է Porsche ID-ով PCM մուտք գործելու գործընթացը: Apple CarPlay-ն ավելի խորն է ինտեգրված մեքենայի մեջ: Ցանկության դեպքում այն ցուցադրում է գործիքների վահանակի տեղեկատվությունը և հնարավորություն է տալիս կառավարել ավտոմեքենայի գործառույթներն անմիջապես Apple էկոհամակարգում, օրինակ՝ Siri ձայնային օգնականի միջոցով: Առաջին անգամ տեսանյութերի հեռարձակումը նույնպես հասանելի է կայանման ժամանակ: Spotify և Apple Music հավելվածները կարող են օգտագործվել որպես հիմնական հավելվածներ PCM-ում՝ առանց սմարթֆոնի միացման:

Այժմ հասանելի է պատվիրելու համար՝ սկսած 128,700 եվրոյից:

Նոր 911 Carrera-ն պատվերների համար այժմ հասանելի է Coupé և Cabriolet տարբերակներով՝ հետևի քարշակ համակարգով։ 911 Carrera GTS-ի համար հասանելի են նաև լիաքարշակ համակարգը և Targa թափքի տարբերակը (առաջարկվում է լիաքարշակ համակարգով)։ Մոդելի երկու տարբերակներն էլ որպես ստանդարտ համալրված են Porsche Doppelkupplung (PDK) փոխանցման տուփով։ Porsche-ն առաջարկում է նոր 911 Carrera-ն որպես կուպե՝ 128,700 եվրո մեկնարկային գնով, ներառյալ ԱԱՀ-ն և երկրին բնորոշ սարքավորումները։ 911 Carrera GTS կուպեի գները սկսվում են 170,600 եվրոյից։ 911 Carrera GTS-ի աերոդինամիկ որակները բարելավող հավաքակազմի օպցիոնալ փաթեթի գինը 2,713.20 եվրո է՝ ներառյալ ԱԱՀ-ն և երկրին բնորոշ սարքավորումները։ Գերմանիայում մատակարարումը 911 Carrera-ի համար կսկսվի ամռան վերջին, իսկ 911 Carrera GTS-ի համար՝ 2024 թվականի վերջին։

 Ուշագրավ
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
---