Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի

Սուրենյան․ Հունիսը ևս տեղումնառատ կլինի՝ հունիսի 7–ից Սև ծովից ցիկլոն կներթափանցի

PanARMENIAN.Net - Հանրապետության ամբողջ տարածքում հունիսին տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելին, իսկ օդի ջերմաստիճանը կլինի նորմայի սահմաններում։ Այդ մասին ասուլիսում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։

«Երբ ասում ենք, որ կանխատեսվում են նորմայից ավելի տեղումներ, դա չի նշանակում, որ հանրապետությունում տեղալու են այնպիսի անձրևներ, ինչպիսին եղան մայիսին։ Իհարկե, հյուսիսային շրջաններում, առանձին հատվածներում առատ տեղումներ կլինեն, բայց ոչ այն հաճախականությամբ ու ինտենսիվությամբ, ինչը մենք ունեցանք մայիս ամսվա ընթացքում»,-ասել է Սուրենյանը, հայտնում է Panorama.am-ը։

Նա տեղեկացրել է, որ հունիսին առանձին օրերին արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցման դեպքում Շիրակում ցերեկվա ժամերին կարող է գրանցվել +28․․․+32, Կոտայքի լեռնային գոտում՝ +27․․․+30, Կոտայքի նախալեռներում՝ +30․․․+33, Գեղարքունիքում՝ +26․․․+29, Լոռիում՝ +28․․․+32, Տավուշում՝ +30․․․+33, Արագածոտնի լեռնային շրջաններում՝ +26․․․+29, Արագածոտնի նախալեռներում՝ +30․․․+34, Արարատյան դաշտում և Վայոց Ձորի նախալեռնային հատվածներում առավելագույն ջերմաստիճանը կմոտենա մինչև +36 աստիճանի, Վայոց ձորի լեռներում՝ +25․․․+28, Սյունիքի հովիտներում՝ +34․․․+37, Սյունիքի նախալեռներում՝ +28․․․+31։

Իսկ Երևանում ամսվա ընթացքում առավելագույն ջերմաստիճանը կանխաեսվում է +34․․․+36 աստիճան։

Գագիկ Սուրենյանը նաև հայտնել է, որ հունիսի 5-6-ը հանրապետությունում կհաստատվի առանց տեղումների եղանակ։ Հունիսի 7-ից սկսած հանրապետության տարածք կներթափանցի Սև ծովից եկող հերթական ցիկլոնը, որը բավական ակտիվ է լինելու։

Հունիսի 7-ին տեղումներ սպասվում են Շիրակում, Լոռիում, Տավուշում, Արագածոտնում, Կոտայքում, հունիսի 8-14-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ամբողջ տարածքը կլինի ցիկլոնի ազդեցության գոտում։ Առանձին հատվածներում կլինեն առատ տեղումներ, սպասվում է նաև կարկուտ։

Մայիսի 26-ին տեղացած հորդառատ անձրևների հետևանքով Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումներ են եղել, Դեբեդ, Աղստև և Տաշիր գետերը դուրս են եկել իրենց հունից՝ էական վնասներ պատճառելով կարևոր ենթակառուցվածքների, բնակելի տների: Փլուզվել են ճանապարհներ և կամուրջներ: Հեղեղումների հետևանքով զոհվել է չորս մարդ: Կառավարությունն աղետի գոտի է հայտարարել հեղեղումներից տուժած բնակավայրերը:

 Ուշագրավ
Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռն ուղևորվել է Թբիլիսիի օդանավակայան
Ավինյանը հանձնարարել է նիստից հետո քննարկում անցկացնել և իրեն զեկուցել
Համառոտագիրն անդրադառնում է առցանց տիրույթի կարգավորման բարեփոխումների դերին և կարևորությանը
---