Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ

Ալիև․ ԵՄ 3 երկիր սառը պատերազմ է հայտարարել Ադրբեջանի դեմ

PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել, է, որ երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո Ադրբեջանի հարաբերությունները Եվրամիության մի շարք երկրների հետ վատթարացել են։ Այդ մասին նա բողոքել է Թյուրքական պետությունների խորհրդարանական վեհաժողովի (ԹյուրքԽՎ) անդամ երկրների խորհրդարանների ղեկավարների հետ հանդիպմանը։

«Որոշ եվրոպական երկրներ անհիմն սևացնում են Ադրբեջանին՝ սպիտակը սև անվանելով։ Մի շարք երկրներ, որոնք ձգտում են հատուկ տեղ գրավել Եվրոպայում, նույնիսկ հակաադրբեջանական խումբ են ստեղծել ԵՄ 3 պետությունից և սառը պատերազմ են հայտարարել Ադրբեջանին»,–ասել է Ալիևը՝ չնշելով, թե ում նկատի ունի, գրում է Turan.az-ը։

Այնուհետև Ալիևը մեղադրել է ՄԱԿ–ին, Եվրամիությանը և ԵԱՀԿ–ին, որոնք «ոչ մի բան չեն արել արդարությունը վերականգնելու համար» և որ Ադրբեջանն ինքն է վերականգնել «իր տարածքային ամբողջականությունը»։

Այնուհետև Ադրբեջանի նախագահը սկսել է գովաբանել Հունգարիային, որը «մեծ ճնշման է ենթարկվում ԵՄ–ում» և որի դեմ պատժամիջոցներ են սահմանվել, քանի որ «Հունգարիան ավանդական արժեքներն է պաշտպանում»։

Նա նաև խոսել է Թյուրքական երկրների պայծառ ապագայի մասին, որոնց միավորումը կվերածի Թյուրքական պետությունների կազմակերպությունը «համաշխարհային մակարդակի ուժային կենտրոնի»։

Պաշտոնական այցով վերջերս Բաքու այցելած Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է, որ եթե Եվրամիությունը մտադիր է օգնություն ցուցաբերել Հայաստանին, ապա Ադրբեջանին էլ պետք է գումար հատկացնի։ Խոսելով Եվրոպական խաղաղության հիմնադրամից Հայաստանին 10 մլն եվրո հատկացնելու ծրագրի մասին՝ Սիյարտոն ասել է, որ նույնքան գումար պետք է հատկացվի նաև Ադրբեջանին։

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---