Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը

Պապոյանը Հնդկաստանի դեսպանին առաջարկել է դիտարկել ՀՀ-ում պղնձաձուլարան կառուցելու տարբերակը

PanARMENIAN.Net - Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հնդկաստանի դեսպան Նիլակշի Սահա Սինհայի հետ հանդիպմանն առաջարկել է դիտարկել Հայաստանում պղնձաձուլարանի կառուցման տարբերակը՝ օգտագործելով Հնդկաստանի առաջադեմ տեխնոլոգիաները։

Զրուցակիցները քննարկել են հայ-հնդկական առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր։

Գևորգ Պապոյանը նաև հնարավոր է համարել համագործակցության խորացումը ոսկերչության ոլորտում և Հնդկաստանի ոսկերչական ցուցահանդեսներում Հայաստանի ներկայացումը ազգային տաղավարով։

Ընդգծելով, որ Հայաստանի կառավարությունը կարևորում է քիմիական և մետալուրգիական արդյունաբերությունը՝ նախարարը հրավիրել է հնդկական ընկերություններին հայկական կողմի հետ համագործակցել «Կանաչ քիմիա» նախագծերի շրջանակում:

Երկուստեք կարևորվել է միջազգային և մասնագիտացված ցուցահանդեսների ու գործարար համաժողովների կազմակերպումը՝ երկու երկրների գործարար համայնքների միջև համագործակցությունը խթանելու նպատակով:

Կողմերն անդրադարձել են նաև «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որը կարող է դառնալ ինչպես տարածաշրջանային, այնպես էլ ավելի լայն տնտեսական համագործակցության կարևոր բաղկացուցիչ։

Հնդկաստանում Հայաստանի դեսպանության միջնորդությամբ՝ հունիսի 7-ին Երևանում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը կազմակերպել էր Հայաստանի և Հնդկաստանի գործարարների համաժողով։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Հայաստանի գործարար միջավայրը և ներդրումային հնարավորությունները, քննարկվել են երկկողմ առևտրի և տնտեսության տարբեր ոլորտներում գործակցելու հեռանկարները։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---