Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա

Զախարովան, ՀՀ-ից Բուչայում զոհվածների ցուցակ է ուզել՝ խոսելով հայկական պատվիրակության այցից Ուկրաինա

PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, արձագանքելով հայկական պատվիրակության այցին Կիև և Բուչա, հայ խորհրդարանականներին կոչ է արել Բուչայում զոհվածների ցուցակ փոխանցել։

«Մենք հուսով ենք, որ հայկական կողմը, պաշտոնական հայկական պատվիրակությունը, կկիսվի ռուսական կողմի հետ այն մարդկանց ցուցակով, որոնք այնտեղ իբր զոհվել են։ Մենք 2 տարի է չենք կարողանում դրան հասնել, որպեսզի որևէ մեկը, այդ թվում ՄԱԿ–ը, ներկայացնի այն մարդկանց տվյալները, որոնք իբր այնտեղ զոհվել են»,–ասել է Զախարովան, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Նա ասել է, որ այդ քաղաք են այցելել ԵՄ, ԱՄՆ, Կանադայի անվերջանալի պատվիրակությունները, բայց քանի որ ռուսական կողմը նրանց հետ չի շփվում ակնկալիք չունի։

«Իսկ ահա հայկական կողմի հետ մենք մշտապես կապի մեջ ենք։ Հուսով ենք, որ այն մարդկանց ցուցակը, որոնք, իբր, զոհվել են Բուչայում, մեր հայ բարեկամները մեզ կփոխանցեն»,–ասել է նա։

Հունիսի 2-ին Ուկրաինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն այցելել էին Բուչա։ Բուչայի քաղաքապետ Անատոլի Ֆյոդորուկը պատգամավոր Ալինա Սարանյուկի հետ միասին դիմավորել էին հայկական պատվիրակությանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել էին Բուչայի և Երևանի համագործակցության բարելավման հնարավորությունները: Հայկական պատվիրակությունը նաև դեղորայքի տեսքով մարդասիրական օգնություն էր փոխանցել ուկրաինական կողմի բուժհաստատություններին: Պատվիրակության անդամները նաև ծաղիկներ էին խոնարհել և հարգանքի տուրք մատուցել Բուչայի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում։

 Ուշագրավ
---